MediaHub.am-ը գրում է․

Արցախում պատկերն իրոք շատ տխուր է, ինչքան էլ խոսենք, պատմենք, միևնույն է, մինչև մարդը չտեսնի, այդ ճանապարհով չանցնի, չի հասկանա։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի մայրիկների ակումբ» խմբի համակարգող Մարիամ Աբրահամյանը։ 

Նա ֆեյսբուքյան այդ խումբը բացել է առուծախի, կենցաղային, բժշկական և տարբեր խորհրդատվությունների հարցերում արցախցի մայրիկներին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար:

Նրա խոսքով՝ շրջափակման հետևանքով Արցախում առաջացած սուր դեֆիցիտի պատճառով ավելի խոցելի են դարձել մանկահասակ երեխաներն ու նրանց ծնողները։

«Չգիտես արդեն ինչ պատրաստել երեխայիդ համար։ Ամեն օր նույն ուտելիքն ես տալիս։ Անզորություն, մեղքի զգացում ունեն բոլոր մայրերը։ Այսօր ավելի բարդ է այն երեխաների վիճակը, որոնք կաթնախառնուրդ են ուտում։ Մեր ակումբում 11 հազար մայրիկ կա գրանցված, ամեն օր կեր են փնտրում, փոխանակումներ են անում։ Սնունդ ու ուտելիք են փնտրում մարդիկ, որոշներն էլ իրենց հավի ձուն կամ աճեցրած բանջարեղենը փոխանակում են զուգարանի թղթով, անձեռոցիկով։ Դատարկություն է տիրում, ընդհանուր դեֆիցիտ է»,- պատմեց Մարիամ Աբրահամյանը։

Արցախի կյանքի ճանապարհը 220 օր է՝ փակված է, այս օրերի ընթացքում հումանիտար ճգնաժամը այնքան է խորացել, որ անհաղթահարելի է թվում։ Մարիամ Աբրահամյանը պատմում է, որ հովհարային անջատումներով պայմանավորված ինքը օրվա մեջ մի քանի անգամ գնում-գալիս է աշխատանքի, ու ամեն անգամ անցնում է հացի փռի կողքով, և ամեն անգամ նույն պատկերն է՝ հարյուրի հասնող մարդկանց հերթեր։

«Մարդկանց հուսահատ դեմքերը քեզ ամեն օր հիշեցնում են՝ ինչ իրականությունում ես դու ապրում։ Մենք հիմա այդքան լրջությամբ չենք զգում գազի ու լույսի անհրաժեշտությունը, բայց չենք էլ ուզում պատկերացնել, թե ինչ է լինելու ձմռանը, եթե այս վիճակը շարունակվի»,- նշեց մեր զրուցակիցը։

Բայց և այնպես, Մարիամ Աբրահամյանը խոստովանեց՝ հացի փռերի մոտ եղած հերթերը ոչինչ են կաթնամթերքի արտադրամասի մոտ եղած հերթերի համար։ Նույնը ձվի համար։

«Մայրս օրեր առաջ առավոտյան 05:30-ից ձվի համար հերթ է կանգնել ու միայն 10:00-ին է կարողացել ձու գնել։ Ու իրենից հետո հերթը 500-ի է հասել»,- ներկայացրեց նա։

Այս ամենը երբեմն հուսահատության է հասցնում․ Մարիամը սեփական պատմությունն է ներկայացնում, երբ երեխայի մոտ փսխումներ են սկսվել, աղիքային ինֆեկցիայի նշաններ էին, իսկ հիվանդանոց հասցնելու պահին հստակ էլ չի եղել՝ մեքենայի դիզվառելիքը կհերիքի՞, թե ոչ։

«Այդ պահին մտածում էի, որ պահ է գալու՝ այդ վառելիքն էլ չի լինելու։ Բայց հասանք հիվանդանոց։ Այդտեղ էլ իմացանք, որ դեղը, որը պետք է բալիկիս, չկա, հասանք դեղատուն, այն էլ փակ էր։ Դեղատան տիրոջը գտանք, մի քանի ամպուլա էր մնացել, գնեցինք, բերեցինք։ Հիվանդանոցում ասացին, որ դեղերի մեծ մասն արդեն սպառված է։

Հաջորդ օրը, երբ պետք է էլի գնայինք հիվանդանոց, անգամ տրանսպորտ չկար, երեխան էլ թույլ էր, մանկասայլակում չէր մնում։ Գրկած եմ հասցրել հիվանդանոց՝ թևին կատետոր միացված։ Հուզմունքս մի կերպ էի զսպում, ինձ հույս էի տալիս՝ ասելով, թե բա գյուղում ապրողներն ի՞նչ պիտի անեն, ինչպե՞ս պիտի հասցնեն երեխաներին»,- ներկայացրեց նա։

Մարիամի դիտարկմամբ՝ հիմա վիճակը շատ ծանր է, մի քանի օրից ավելի վատ կլինի։

«Ու էս ամենի ֆոնին մարդկանց դեմքից բացակայում է ժպիտը, մի տեսակ իրար հանդեպ չարացել ենք, հերթերում կանգնելն ու ամենօրյա նվաստացումներն ի վերջո հիվանդացնելու են ամբողջ հասարակությանը։ Երեխաներն ու հղիները թերսնված են, դա էլ իր բացասական պտուղները հետո կտա»,- ասաց նա։

Բայց նույնիսկ այս ողբերգության ֆոնին ոգևորության պահեր էլ են լինում․ արցախցուն ուժ է տալիս այն, որ դրսում ապրողներն անընդհատ հետաքրքրվում են, թև տալիս։

«Հասկանում ենք, որ մենակ չենք, որ մենք հետաքրքիր ենք մարդկանց։ Դա ուժ է տալիս»,- ամփոփեց խոսքը Մարիամ Աբրահամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել