Արցախում ադրբեջանական սադրանքների հետևանքով արձանագրված զոհերի ու ամերիկյան բանակցությունների ֆոնին Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ «Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»-մասնավորապես՝ ասված է հայտարությունում:

Ադրբեջանի ուղերձը հստակ է. Բաքուն մի քանի օր տևելիք բանակցություններում փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ընդ որում՝ հայտնի է, որ Արցախում սադրանքից առաջ էլ պարբերաբար գնդակոծվել է Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը, ինչը թերևս «մեսիջ» է՝ ոչ միայն ուղղված Երևանին:

Հիմա գնդակը ոչ միայն կամ ոչ այնքան Երևանի դաշտում է, որքան թերևս նույն ԱՄՆ-ի կամ Արևմուտքի. Ադրբեջանի լկտիությունը հետևանք է Արևմուտքի խիստ մեղմ կեցվածքի, երբ չնայած հայտարարությունների մակարդակով հնչում են հայամետ արտահայտություններ, սակայն պրակտիկ հարթության մեջ զրոյական հակազդեցություն ենք տեսնում, ինչն էլ, բնականաբար, ոգևորում է Իլհամին՝ նրան է՛լ ավելի սանձարձակ դարձնելով:

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է հասնել հակամարտության լիարժեք կարգավորման, ապա պետք է պրակտիկորեն ապացուցի իր մտայնությունը, հակառակ դեպքում Արցախի ուղղությամբ արձակվող կրակոցներն ու զոհերը կարող են դիտվել որպես ԱՄՆ-ի կողմից խրախուսվող սադրանք, որի նպատակը Արցախին կոնկրետ ուղերձ հղելն է՝ չդիմադրելու Իլհամին ու հաննձվելու նրա ողորմածությանը:

Ա՛յ թե ինչի է հանգեցնում Նիկոլի անատամ քաղաքականությունը, երբ վաճառքի են հանվում հայ ժողովրդի կենսական շահերը՝ հանուն մեկ բանի՝ Նիկոլի աթոռի անձեռնմխելիության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել