ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ
Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները:
Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության վրա, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորումը: Ընդ որում, համոզված ենք, որ վերջինիս պարագայում լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ:
Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02DMGEMRqM82NN8KNFVFruHgw5NQqvn79VXeH6hbiBxrwHh9VF7GWwsLG7R6nSoYGYl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել