Երասխի մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հայկական կողմը չի ակնկալում, թե այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է ունենալու, այլ այն զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա։
«Սա ուղղակի մեր արձանագրումն է․ մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք էստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - նշեց նա։
Տիրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ գործարանի շինարարական աշխատանքներն այսօրվանից վերսկսվել են և անկախ կրակոցներից կշարունակվեն։
Տնօրենի խոսքով՝ գրեթե ամեն օր էլ ադրբեջանական կողմը թիրախավորում է գործարանը։ Ըստ նրա՝ գործարանի վրա կրակելով ադրբեջանական կողմը երկու նպատակ է հետապնդում՝ փորձում է վախի մթնոլորտ առաջացնել և մետալուրգաիական գործարանի տեխնիկան շարքից հանել։
Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ։ Այս ընթացքում Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։
Իսկ արդեն հունիսի 13-ից ադրբեջանական զինված ուժերն օրեր շարունակ կրակեցին գործարանի ուղությամբ, ինչի հետևանքով վիրավորվեցին երկու հնդիկ շինարար։



