Hetq.am-ը գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2022թ. նոյեմբերին իր ազգական Արթուր Թորոսյանին է վաճառել դրանից մեկ տարի առաջ գնված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղի երկու միավոր հողակտորը:
«Հետքը» գրել էր, որ Թորոսյանը հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:
Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:
2022թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ավելի շահեկան պայմաններով է վաճառել հողատարածքները: Մասնավորապես` հողակտորներից մեկը վաճառել է 6 մլն դրամով, մյուսը՝ 14 մլն դրամով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին էլ Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։