ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից. այս մասին ուրբաթ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ԱՄՆ-ն, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, միջամտել ընկերների և հարևանների հետ մեր գործընկերություններին և դաշինքներին: Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր նպատակը»,- ասել է նա։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։

«Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով օգնություն և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,- ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը։

«Համապատասխանաբար, որոշ այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք տան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից», - եզրափակել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել