Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու կոնտեքստում Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձևին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:

Նոր ներկայացված բանաձևը, որին աջակցում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, մասնավորապես կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:

Ըստ Հայ դատի հանձնախմբի տրամադրած տեղեկության՝ Արցախի շրջափակման դեմ Պադիլլա-Ռուբիո միջոցառմանը կարելի է աջակցությունը հայտնել՝ այցելելով https://anca.org/resolution էջը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է սենատոր Պադիլլան բանաձևը ներկայացնելիս:

Կոնգրեսական Փալոնը ողջունել է Սենատում այդ բանաձևի ներկայացումը՝ հայտարարելով. «Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակ ունի փակել Արցախ պարենի, բժշկական պարագաների և փոխադրումների, ինչպես նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ կոչ անելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել