Pastinfo.am-ը գրում է․

ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանը Դիլիջանի հյուրանոցում հարձակվել և ծեծի է ենթարկել 16-ամյա մատուցողին, երբ վերջինս հայտնել է, որ հյուրանոցում սենյակ ամրագրելու համար պետք է կանխավճար թողնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժող Արամ Ամիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը։


Դեպքի մասին հայտնի դարձավ օրերս. մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։

Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց անել և միայն բարձրացված աղմուկից հետո դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշումը։ ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 23.30-ի սահմաններում, երբ իր վստահորդը, գտնվելով աշխատավայրում, նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանվել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ավտոմեքենա, ինչից հետո վարորդը իջել է ավտոմեքենայից, մոտեցել տղային՝ տուժողին, խնդրել, որ իրեն տրամադրեն սենյակ, ցանկացել է հյուրանոցային համալիրում գիշերել։

«Իմ վստահորդի կողմից, բնականաբար, որևէ առարկություն չի ներկայացվել, ուղղակի խնդրանք է ներկայացվել,որ նախապես վճարում կատարվի, ինչից ոստիկանության աշխատակիցը բորբոքվել է և հարձակվել Արամ Ամիրյանի վրա, սկսել հարվածներ հասցնել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչից հետո Ամիրյանը մի կերպ ուղղակի կարողացել է դիմել փախուստի»,- հայտնեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ հրապարակված կադրերում երևում է, որ դեպքին ականատես է նաև տղամարդ, որը փաստացի չի միջամտում՝ անչափահասին օգնություն տրամադրելու համար, Ռաֆաելյանն արձագանքեց՝ նշելով, որ հիշյալ անձի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, հավանաբար, վախեցել է։

«Եթե դատենք տուժողի տեսքից, ապա վերջինս փորձում է ընդամենը պաշտպանվել, անգամ չի փորձում հարվածել ինքնապաշտպանության նպատակով, ընդամենը պաշտպանվում է և հնարավորության դեպքում դիմում փախուստի»,-նշեց Ռաֆաելյանը։

Նրա խոսքով՝ դեպքից հետո անձն առ այսօր դարձել է ինքնամփոփ, չի շփվում այլ անձանց հետ, վախեր է առաջացել։ «Հաշվի առնենք, որ անձն ընդամենը 16 տարեկան է և, բնականաբար, լավ օրից չէ, որ 16 տարեկանում որոշել է մատուցող աշխատել։ Այսինքն՝ ունեցել է գումարի կարիք, 16 տարեկանում եկել է աշխատելու և բռնության ենթարկվել՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- ասաց տուժողի ներկայացուցիչը։

Դեպքի ժամանակ տուժողը չգիտեր, որ իրեն բռնության ենթարկողը ոստիկանության պաշտոնյա է, փաստաբանը հայտնում է, որ նախկինում երբևէ առնչություն չի ունեցել, դեպքի ժամանակ էլ՝ պաշտոնյան չի ներկայացել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել