Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել