- Հիմա արդեն հիշեցի,- ասացի ես,- դե մենք միասին մի անգամ ենք հանդիպել, այն էլ՝ հեռախոսով: Իսկ նամակը, իհարկե, չեմ մոռացել, թեպետ չորս տարի է անցել:
- Չորս ու կես,- ուղղեց աղջիկը,- երևի ձեր կյանքում շատ բան է փոխվել:
- Հեռախոսի համա՞րը: Փոխվել է:- Հետո ինչ ասել:- Իսկ ձեր կյանքո՞ւմ:
- Նույնն է, համարյա նույնը: Իսկ հեռախոսի համար հիմա էլ չունեմ:
Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ես փորձեցի վերհիշել աղջկա նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ: Տխուր, անսովոր մի պատմություն էր, սիրո պատմություն, այդքանը մտաբերեցի, բայց մեջս մանրամասներ չարթնացան: Իմ լռությունը երևի երկարեց:
- Չգիտեմ ինչու զանգահարեցի, - ասաց աղջիկը:
Երևի նեղսրտեց, որ ոչինչ չեմ հարցնում:
- Որտեղի՞ց եք զանգահարում,- ի վերջո ասացի:
- Ընկերուհիս տանը չէ,- մի պահ լռեց,- նոր գնաց կաթի: Ես էլ հանկարծ մտածեցի զանգահարել: Ձեր նոր հեռախոսը երեկ եմ պարզել:
- Չե՞ք ամուսնացել,- ինչ հիմար հարց:
Նա ծիծաղեց, ինձ թվաց՝ դառը ծիծաղ էր:
- Մի գիտնական էր ուզում: Քսան տարով մեծ է,- ասաց:
- Եվ ի՞նչ…
- Շատ խելոք մարդ է:
- Դե, եթե խելոք է…
- Խելո՞ք… Այդ դեպքում ավելի լավ չի՞ ամուսնանալ, ասենք, հաշվիչ մեքենայի հետ կամ հանրային գրադարանի:
Ես ծիծաղեցի: Իսկ նա փոքր-ինչ լռելուց հետո ասաց.
- Ես դեռ սիրում եմ նրան:
- Ո՞ւմ,- հետո հանկարծ մտաբերեցի. իհարկե, նրա մասին է խոսքը: Բայց մի՞թե,- ո՞ւմ…
- Տեսնում եմ, որ նամակս մոռացել եք:
- Չէ, ի՞նչ եք ասում, ես նույնիսկ պահում եմ ձեր նամակը, թղթերիս մեջ է:
Նա դարձյալ լռեց:
- Ես վերջերս ձեր պատմվածքներից մեկը կարդացի,- ի վերջո ասաց նա, մի տող հետաքրքիր թվաց: Հերոսներից մեկն ասում է, թե իր կարծիքով տգեղ աղջիկներ չկան: Դուք է՞լ նույն մտքին եք:
- Իհարկե,- ինչ լավ էր, որ նամակն, այնուամենայնիվ, արթնացավ իմ մեջ. այո, ինձ հետ խոսող աղջիկը գեղեցիկ չէ, նա ինքն էր գրել, հիշեցի, դա դառը և տխուր նամակ էր,- ես կարծում եմ…
- Այդ դեպքում, խնդրում եմ, գրեք այդ մասին:
- Չէ՞ որ գրել եմ, ինքներդ հիշեցիք:
- Չէ, միայն այդ մասին, վերնագիրն էլ այդպես դրեք, խնդրում եմ: Գտեք իմ նամակը, եթե չեք կորցրել, նորից կարդացեք: Ես էլի կզանգահարեմ:
Եվ դրեց խոսափողը:
Ես քրքրեցի թղթերս և նամակը գտա: Ահա այն բառացի.
«…Ես ուսանողուհի եմ, լրացել է քսանմեկս: Մի շաբաթ առաջ դիմակահանդես էինք կազմակերպել, սրճարանում: Հրավիրել էինք տարբեր տեղերից: Ամենքս դիմակներով էինք, նույնիսկ մեր կուրսեցիներին անհնար էր տարբերել: Շատ ուրախ էր: Ինձ պարի հրավիրեց մի երիտասարդ: Նա ևս դիմակով էր: Ասաց, որ մեր ինստիտուտից չէ: Հրավիրեց նաև երկրորդ պարին: Ի՞նչ կարելի է խոսել պարի ժամանակ: Ես անունս և կուրսս չասացի: Ողջ երեկո նա ինձնից չհեռացավ: Միայն հինգ րոպեով դուրս եկավ և վերադարձավ մի փունջ ծաղիկ ձեռքին: Ոչ մի տղա դեռ ծաղիկ չէր նվիրել: Երևի ծիծաղելի խոստովանություն է: Երևի: Դե, տղաները ծաղիկ նվիրում են միայն գեղեցիկ աղջիկներին: Ես տեսա, որ նա հևում է, երևի վազել էր: Հետո մենք նորից պարեցինք: Նա ինձ սուրճ հյուրասիրեց, մի-մի բաժակ գինի խմեցինք: Կարմիր գինի էր: Գլուխս պտտվում էր երջանկությունից: Կծիծաղեք երևի: Ինչ լավ է, որ մարդիկ դիմակահանդես են հնարել. չէ՞ որ եթե նա ինձ առանց դիմակ տեսներ, հազիվ թե հրավիրեր պարի կամ ծաղիկ նվիրեր: Նրա դիմակը միայն աչքերն էր ծածկում, թխահեր էր: Խոսեցինք, հիմա չեմ կարող ասել ինչի մասին: Նա նորից հարցրեց անունս, ասաց, որ տուն կուղեկցի: Ես նրան ուրիշ անուն ասացի, հետո խաբեցի, թե քրոջս հետ եմ և շատ մոտիկ եմ ապրում: Հետո էլի խոսեցինք, նա շատ բան պատմեց իր մասին: Երկրաբան էր, այս տարի կավարտի: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք հաջորդ օրը, երեկոյան: Իհարկե, առանց դիմակների, ծիծաղեց նա, իսկ ես տխրեցի: Պայմանավորվեցինք. ես ասացի, որ կհագնեմ բաց կապույտ զգեստ և ձեռքիս հովանոց կլինի:
Ամբողջ օրը ես մտածում էի նրա մասին, առավոտյան նույնպես: Կարող եք թեթևամտություն համարել: Չեմ վիճի, բայց չէ՞ որ ասում են, որ կա նաև սեր՝ առաջին հայացքից: Մի խոսքով, երեկոյան ես գնացի պայմանավորված սրճարանը: Գնացի նույնիսկ կես ժամ շուտ, անհամբեր էի: Հագել էի բաց կապույտ շորս, բայց հովանոց չէի վերցրել: Նստեցի երրորդ սեղանին (ինչպես պայմանավորվել էին): Նա եկավ ճիշտ ժամին, հենց երևաց դռների մոտ, ճանաչեցի: Հայացքով նա որոնեց-գտավ երրորդ սեղանը, ուշադիր քննախույզ նայեց ինձ: Նա շատ գեղեցիկ աչքեր ուներ: Սեղանին չմոտեցավ, այսինքն՝ իմ սեղանին: Ուրիշ տեղ նստեց, անընդհատ մուտքին նայելով նստեց մի ժամի չափ: Մեկ-երկու անգամ նայեց ինձ, բայց շատ թեթև, մի ակնթարթ: Ես ամեն ինչ հասկացա, սիրտս նվաց ցավից: Հետո նա գնաց: Ուզեցի վեր կենալ, վազել նրա հետևից: Չկարողացա: Ճի՞շտ արեցի: Չգիտեմ, բայց ի՞նչ անեի: Ես հասկացա. նա ուրիշ դեմք էր որոնում, իսկ ես գեղեցիկ չէի: Ես չեմ հավատում գրքերին, այսպես կոչված հոգեկան սիրուն: Եթե աղջիկը գեղեցիկ չէ, ո՞ւմ է նա հարկավոր… Վերջ: Դրա համար էլ ուզում եմ հարցնել ձեզ. ո՞ւմ է պետք ձեր թերթի սկսած տաղտկալի խոսակցությունը սիրո, մտերմության մասին: Եթե գեղեցիկ լինեի, առանց ձեր խորհուրդների էլ կգտնեի նրան (ավելի ճիշտ՝ նա կգտներ ինձ), եթե գեղեցիկ չեմ, ինչո՞վ դուք պիտի օգնեք: Բայց տխուր եմ, մի շաբաթ է` տեղ չեմ գտնում այս մեծ, անհասկանալի աշխարհում: Սիրում եմ նրան: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով: Անիծում եմ ինձ, որ տգեղ եմ, ատելությամբ եմ նայում բոլոր գեղեցիկ աղջիկներին, նույնիսկ քրոջս, որին ամեն օր հազար տղա է զանգ տալիս: Ասացեք, ի՞նչ անեմ, և ինչո՞ւ են ծնողները տգեղ աղջիկներ լույս աշխարհ բերում…»:
Ահա և բոլորը:
Երկրորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց:
- Կարդացի՞ք:
- Կարդացի:
- Եվ ի՞նչ:
- Պատմեք ինձ շարունակությունը:
- Շարունակություն չի եղել:
- Կարծում եմ՝ եղել է, թե չէ՝ ինչո՞ւ զանգահարեցիք:
- Դե ես ասացի, ձեր պատմվածքը…
- Միայն դա չէ: Միայն դա չէ: Երևի նորի՞ց եք հանդիպել:
Մի քանի վայրկյան աղջիկը լուռ էր, հետո ասաց.
- Հանդիպել եմ:
- Որտե՞ղ, ինչպե՞ս…
- Մի տարի առաջ ես ավարտեցի: Աշխատանքի նշանակեցին Սևանի ափին: Ո՞ր գյուղում, կարևոր չէ: Երևի գիտեք, որ կողմերում ոսկի են հայտնաբերել: Մի օր մեր ուսմասվարն ասաց, որ մի քանի երկրաբանի հրավիրել է դպրոց, որ երեխաներին պատմեն ոսկու մասին: Եկան: Եվ հանկարծ տեսնեմ՝ նա էլ: Ես չէի կարող սխալվել: Հետո, զրույցի ժամանակ հարցրի՝ երբ է ավարտել, հարցրի անունը: Նա էր:
- Հասկանում եմ,- չգիտես ինչու ասացի ես:
- Ահա և շարունակությունը, այսինքն՝ վերջը,- ասաց նա ու լռեց:
Ես ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Մխիթարության կարիք չէ, որ նա ուներ: Եվ հետո՝ րոպե է լինում, որ մարդ մոռանում է անգամ ամենաառօրյա բառը, խոսքը, իսկ այդ պահին հարկավոր էր շատ խորունկ բառեր գտնել, որ ճշմարիտ լինեին, որ նա հավատար: Բայց իմ ներսում ոչինչ չկար, բացի տարօրինակ մի տխրությունից, հանկարծ այդ աղջկա վիշտը դառավ իմ սեփականը, սիրո նրա կարոտը՝ իմը, բայց ի՞նչ կարող էի ես անել: Անիծեցի չարաբաստիկ իմ պատմվածքը, իմ գրած թեթև-աննյութ տողը, թե տգեղ աղջիկներ չկան, թե գեղեցիկ են նրանք, ում սիրում են: Հիշեցի ուրիշ գրողների համանման տողեր. ինչ հեշտ է թղթին տալ որևէ միտք, որ չես ապրել ինքդ, որ քեզ պարզապես հնարավոր ու գեղեցիկ է թվում: Բայց ահա հեռախոսաթելի այն կողմում կենդանի մի կյանք է, մի լավ աղջիկ, որ պատասխան է ուզում:
- Դուք ինձ էլի կզանգահարե՞ք,- ի վերջո հարցրի ես:
- Ես վաղը գյուղ եմ վերադառնում: Եվ հետո՝ ի՞նչ կարիք կա:
Մենք իրար ցտեսություն ասացինք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=585687738141221&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել