Hetq.am-ը գրում է.
ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի դեմ, որը 2019-ին նախարարության դրամաշնորհով իրականացրել է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը Հանրապետության հրապարակ մետրոյի տարածքում։ Նախարարությունը դատարանից պահանջում է բռնագանձել կազմակերպությանը հատկացրած 2,756,000 ՀՀ դրամը։
Դատական հայցի հիմքում ընկած է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի բովանդակային բացասական եզրակացությունը, ստորագրված նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարության ժամանակակից արվեստի բաժնի նախկին պետ Արմինե Ղազարյանի կողմից։ «ԱԺԶ»-ն դատական գործի մասին ծանուցվել է վերջերս։
Ներկայացման հեղինակներից պարուսույց, պարային թերապիայի մասնագետ Հասմիկ Թանգյանը մեզ հետ զրուցում պատմեց, որ ներկայացումն իրականացնելուց և հաշվետվությունը ներկայացնելուց հետո որևէ մեկը ԿԳՄՍՆ-ից նրանց հետ կապ չի հաստատել, որևէ արձագանք ծրագրի բովանդակության մասին նախարարությունից նրանք չեն ստացել, ավելին՝ չեն տեղեկացվել, որ նախագծի բովանդակային գնահատականը բացասական է եղել։
«Ես ուղղակի ապշել եմ։ Այսքան աղմկահարույց դեպքից հետո մեզ անգամ չեն զանգել, ոչինչ չեն պարզաբանել, չեն ուզել։ Հետո տարիներ անց դատական գործի ծանուցումից նոր տեղեկացել ենք, որ բացասական են գնահատել ու հիմա դրամաշնորհը հետ են պահանջում»,-պատմեց Հասմիկը։
Հասմիկի խոսքով՝ ներկայացումը տարբեր քաղաքական խմբեր և կուսակցություններ շահարկել են, փորձել են ցենզուրայի ենթարկել, իսկ արվեստագետների վրա և՛ մեդիա գրոհներ են եղել, և՛ ատելության խոսք։
Նախագծի բովանդակային բացասական գնահատականում նշվում է, որ իրականացված բեմադրությունում անորոշ են մնացել հայ ֆուտուրիստ պոետների՝ Կարա Դարվիշի, Գևորգ Աբովի, Ազատ Վշտունու, Եղիշե Չարենցի տեղն ու դերը։ Պերֆոմանսի ընթացքում Լիլիթ Պետրոսյանը կարդացել է հենց այս պոետների հեղինակած պոեմներից հատվածներ՝ իր մեկնաբանությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։