News.am-ը գրում է.
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավորը նշեց, որ, ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ հագեցած, ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ իրենք վերահաստատել են իրենց հիմնական պնդումը, որ կալանք, առհասարակ, չկիրառվի, անձն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։
«Նաև պատրաստակամություն հայտնեցինք մեր կողմից նշված խափանման 4 միջոցների առանձին կամ համակցության մեջ կիրառմանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն։ Դատարանին խնդրեցինք այդ բոլորը դիտարկել։ Քննիչը, ցավոք, չէր փոխել իր դիրքորոշումը և առարկեց նույնիսկ տնային կալանքին», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։