Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ հետ մոտ են հետսառըպատերազմյան շրջանի ամենավատ մակարդակին։ Բայց Մոսկվայի հարաբերությունները իր ամենամոտ հարեւանների հետ հազիվ թե ավելի վատ չլինեն։
Այս մասին հեղինակային հոդվածում գրում է Financial Times-ի սյունակագիր Նիլ Բաքլին։
Հեղինակը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը քաղաքական նպատակներ հետապնդող առեւտրային վեճեր է սկսել Ուկրաինայի եւ Բելառուսի հետ, ինչպես նաեւ մեկ այլ հետխորհրդային երկրի՝ Մոլդովայի հետ, նպատակ ունենալով պատժել այս պետություններին Ռուսաստանի փոխարեն այլ գործընկերների հետ հարաբերությունները ավելի ուժեղացնելու քաղաքականության համար։
Սանկտ Պետերբուրգում նախանշված Մեծ քսանյակի համաժողովի նախօրյակին այս հակասությունները Արեւմուտք – Արեւելք նոր պայքար է հիշեցնում այն տարածաշրջանի համար, որը Ռուսաստանի նախագահը ընկալում է իբրեւ իր «ետնամուտք»։
Եվրոպական Միությունը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, բայց առանց անդամակցության հեռանկարի, հետխորհրդային վեց հանրապետություններին առաջարկում է քաղաքական եւ առեւտրային գործարքներ, մինչդեռ Մոսկվան փորձ է անում այս երկրները միավորել Մաքսային միության մեջ, որը ստեղծվել է հետխորհրդային Բելառուսի եւ Ղազախստանի հետ մեկտեղ։
Անցյալ ամիս Ռուսաստանը միակողմանիորեն ժամանակավորապես ավելի խստացրեց ուկրաինական ապրանքների ներմուծման հետ կապված մաքսային ստուգումները, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սառնասրտորեն նախազգուշացրեց, որ նման մեթոդները սովորական կդառնան, եթե Ուկրաինան մտնի ԵՄ հետ ազատ առեւտրի ռեժիմի մեջ։
Նմանատիպ մեթոդներ կիրառվեցին նաեւ Մոլդովայի նկատմամբ։
Բելառուսի դեպքը թերեւս տարբեր է։ Եվրոպայի ամենաավտոկրատ ռեժիմը արդեն իսկ ռուսական մաքսային միությունում է եւ ԵՄ հետ գործարք կնքելու որեւէ շանս չունի։ Բելառուսի նախագահը փորձում է բանակցել Չինաստանի հետ ֆինանսական օգնություն ստանալու համար, իսկ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «տարիներ ի վեր ցույց չի տալիս այն հարգանքը, որ իրեն վասալ համարող Պուտինն ակնկալում է ստանալ»։ Բայց Բելառուսի տնտեսական ճնշման մեթոդները նմանատիպ են, ինչպես Ուկրաինայի եւ Մոլդովայի պարագայում։ Հուլիս ամսին ռուսական հսկա Ուրալկալիում ընկերությունը դուրս եկավ Բելառուսկալիում ընկերության հետ արտահանման կարտելից, ինչը պատճառ հանդիսացավ բելառուսական արտադրանքի գների աճի եւ արտաքին շուկայում մրցունակության կորստի համար։
Շատ հետխորհրդային պետություններում գործարարները եւ վերլուծաբանները պնդում են, որ բացի էժան էներգիայից, որը հաճախ դառնում է ճնշման միջոց, Ռուսաստանը շատ քիչ բան է առաջարկում իր մաքսային միություն մտնելու դիմաց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ