ԵՄ-ի միջնորդությամբ մայիսի 14-ին տեղի ունեցած Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումն առաջին հերթին Բրյուսելյան հարթակի կենսունակությունն ապահովելու նպատակ էր հետապնդում, որի անգամ խորհրդանշական գոյությունը, ի դեպ, բխում է նաև Բաքվի շահերից։ Գործընթացի ձևի տրամաբանության մեջ վերոնշյալն առանցքային իրողություն է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարթակների աշխարհաքաղաքական մրցավազքում։ Իսկ Բրյուսելյան հարթակի արդյունավետությունը վիճարկել էր հայկական կողմը 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պատճառով, որն արձանագրվեց այս հարթակում վերջին հանդիպումից ընդամենը 2 շաբաթ անց։
Ներկայում էլ, իմ խորին համոզմամբ, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ԵՄ-ն չի կարողանալու լիարժեքորեն ապահովել սեփական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ պարզ պատճառով, քանի որ, ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, անգամ Ֆրանսիայի, չունի անհրաժեշտ մեխանիզմներ։ Առավելագույնը, ինչ կարելի սպասել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, մեր դեպքում սահմանափակ թվով ռազմագերիների վերադարձի հնարավորությունն է ադրբեջանցի զինծառայողների փոխանակման պայմաններում։
Իսկ որ հայկական կողմից շարունակվում է Բրյուսելյան հարթակի վիճարկման ուղղությունը, այդ մասին կարելի է եզրակացնել նախ Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումների հերթականությունից, նաև անգամ Միշելի հայտարարության տեքստից։ Նախ, Երևանը հրաժարվել էր Բրյուսելի հերթական հանդիպումից դեռևս անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանը հրաժարվել էր ԵՔՀ շրջանակում «պրահյան քառակողմ» հանդիպման օրինակով Բրյուսելյան ձևաչափի վերափոխման հնարավորությունից։
Իսկ ներկայում ինչ է արձանագրվում, Հայաստանը համաձայնում է Բրյուսելում հանդիպմանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից դարձյալ ԵՔՀ շրջանակում Քիշնևում ծրագրված վեցակողմ հանդիպման մասնակցության։
Մյուս կողմից, Միշելը հայտարարում է հուլիսին Բրյուսելում հաջորդ հնարավոր հանդիպման մասին՝ զուգահեռաբար ակնարկելով Գրենադայում հոկտեմբերին կայանալիք ԵՔՀ հերթական գագաթնաժողովին ևս ընդլայնված ձևաչափով բանակցություններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0XFPn8yysydNwR4jdbsbvEqv1248Xf47SEXgrvwgd2J47Lz7m5Dea35PWyfTsNg1Vl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել