Երեկ գլոբալ աշխարհակարգի վերափոխումը մտավ նոր ու, ըստ էության, վերջին փուլ: Ադրբեջանը մեզ մոտ փորձեց հարձակում իրականացնել, Իսրայելում արաբները հրթիռային գրոհ սկսեցին, իսկ երեկոյան պարզ դարձավ, որ մեկնարկել է ուկրաինական հակագրոհը: Սակայն այս ամենի իրական մեկնարկը տրվեց ևս մեկ օր առաջ, երբ Թուրքիայում տեղեկատվական դաշտ արտահոսեց նախագահական ընտրություններում իր 4%-ով վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող Մուհարեմ Ինջեին վարկաբեկող նյութերը: Նույն երեկոյան Ինջեն որոշում կայացրեց դուրս գալ մրցավազքից, իսկ առավոտյան դրա մասին հայտարարվեց հրապարակավ:
Այդ իսկ առավոտյան Ադրբեջանը մի քանի ուղղություններով գրոհի փորձեր ձեռնարկեց և, ի զարմանս բոլորի, ջախջախվեց: Ընդ որում, մեր ՊՆ-ն թեկուզ և առատորեն տեղեկացնում էր հանրությանը, բայց կարևոր տեղեկությունը այնուամենայնիվ պահում էր: Դա արվում էր հետախուզական աղբյուրները «պալիտ» չանելու նպատակով, թեպետ Ադրբեջանում իհարկե միանգամից հասկացան, թե որն ա եղել իրենց դիվերսիաների տապալման պատճառը, և որտեղից են հայկական հետախուզական փայլուն գործողությունների ակնաջներն աճում:
Այս ամենից մի քանի օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հանդիպեցին Վաշինգտոնում, որտեղ պայմանավորվեցին հանդիպել Բրյուսելում, բայց արդեն Մակրոնի ու Շոլցի հետ միասին, իսկ դրանից հետո հանդիպել Քիշնևում: Ռուսաստանի ԱԳՆ-ն, բնական է` շատ ծանր տարավ այս փաստը, ինչի արդյունքում էլ ունեցանք Ադրբեջանական հարձակման փորձ: Ընդ որում, որպեսզի մեր հետախուզության ականջները ոչ մեկի հետ չշփոթեն, Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը բարձրաձայնեց Ալիևին պատժամիջոցների տակ մտցնելու անհրաժեշտության մասին, եթե վերջինս շարունակի խափանել բանակցային գործընթացը: Հատկանշական է, որ Ալիևին Բրյուսել են կանչել հենց մայիսի 14-ին, երբ Թուրքիայում կսկսվեն ընտրությունները, բայց արդյունքը դեռ պարզ չի լինի:
Ադրբեջանական գրոհի պահին Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարողլուն թվիթերում մեղադրում է ռուսներին Ինջեին վարկաբեկող նյութերը մոնտաժելու ու տարածելու մեջ ու հորդորում մտածել ապագա ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թեպետ, մեղմ ասած, անհասկանալի է, թե խի՞ պիտի ռուսները շարքից հանեին արևմտամետ Քըլըչդարողլուից քվե տանող Ինջեին, քանի որ բոլոր փորձագետները վստահ են, որ Ինջեի քվեները անցնելու են Քըլըչդարողլուին: Սա ըստ երևույթի մետաճշմարտության դարի մի փոքր դրվագ էր:
Թրամփի նախագահ դառնալուց ի վեր մեր տարածաշրջանը սկսեց կառավարվել, այսպես կոչված, 3+3 ֆորմատով, որտեղ Իրան-ՌԴ-Թուրքիա եռյակը համաձայնեցնում էին իրենց քայլերը Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռյակի տարածքներում և այլուր: Փաստացի դա իհարկե 5+1 ֆորմատ էր, որտեղ բոլորը Հայաստանի հաշվին իրենց հարցերն էին լուծում: Հիմա, երբ կա լուրջ սպառնալիք, որ Թուրքիան դուրս կգա, այդ տարածաշրջանային ճարտարապետության բոլոր խաղացողները նյարդային ընդվզումների մեջ են: Խաղից դուրս եկող Թուրքիա նշանակում է, որ Բոսֆորը կարող է բացվել ՆԱՏՕ-ի նավատորմի համար, Վրաստանը կարող է ծալվել արևմուտքի ճնշման տակ, Ալիևը ստիպված կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը ռուսներին կհեռացնի տարածաշրջանից: Դե իսկ Մոսկվան էլ նենց բորշ ա եփել ինքն իր գլխին, որ Կովկասը կորցնելն իրենց համար հիմա հաստատ մեծագույն դարդը չէ: 300 տարի մի կերպ գոյատևելուց հետո Ռուսակա կայսրությունը կորցնում է այն ամենը, ինչի շնորհիվ դարձավ կայսրություն՝ հյուսիսում եվրոպական պատուհանը փակվեց` Ֆինլայանդիայի ՆԱՏՕ մտնելով, հարավում Կովկասն է ձեռքից գնում, Ղրիմը կորցնելով նրանք կկորցնեն նաև Սև ծովը, դե իսկ Կենտրոնական Ասիան վաղուց արդեն Չինաստանի տակ է: Միակ բանը, որ հիմա կարող է ռուսներին փրկել, դա Էրդողանի հաղթանակն է:
Մնաց 2 օր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid08bNj4Jp4e1tPdQK8YX7fu48yQez5GG7ehCCy2a8wmoU2cgUfQXvy9AzGC9uc9dmQl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել