Pastinfo.am-ը գրում է․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալներից Գեւորգ Հարությունյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ նշելով, որ երրորդ նախագահի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հորդորով։
«Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի, գումարը վերականգնվի, դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ», դատական նիստում ասել է Հարությունյանը։
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար դատական նիստում կատարվածն անակնկալ էր։ Ըստ նրա՝ Գևորգ Հարությունյանն իրականում ծանրութեթև է արել ավելի վաղ հայտնած՝ այսպես ասած ոչ արժանահավատ տեղեկությունները, որ զրպարտել է եւ, ի վերջո, հայտնել իրականությունը։
«Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը խնդրել է իր ենթակա աշխատողներին... Մենք նաև ցույց տվեցինք, որ Գևորգ Հարությունյանի ՝ այս ցուցմունքը տալու հաջորդ օրը հանգուցյալ Սամվել Գալստյանն է նույն ցուցմունքը տառացի կրկնել։ Այսինքն, այսօր դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ և մեղադրող լինելը։ Ափսոսում եմ, որ այսօր Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը չեն կարող այս դատական նիստին մասնակցել, մահացել են, վստահ եմ, որ այդ ցուցմունքներն առերես կպնդվեր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի կողմից»,- հայտարարել է փաստաբանը։
Ըստ նրա՝ սա այս երկրի ամոթն է՝ մեղադրել հանրապետության նախագահին նման կեղծ փաթեթավորմամբ քրեական գործով։
«Իրականում ամոթ է, որ մենք տարիներ շարունակ այս դատական նիստին ենք մասնակցում, փորձում ենք ապացուցել մի բան, որն ընդհանրապես ապացուցելու կարիք չունի։ Սա խայտառակություն է, ինձ մոտ իրականում շոկ է»,- ասել է Ա. Մակինյանը՝ նշելով, որ մեղադրողը փորձում է դատավարության մասնակիցների վրա ճնշումներ գործադրել, ովքեր մեղադրանքին ոչ հաճո ցուցմունքներ են տալիս։
«Իրականում այս գործն այսօր վերջնականապես քանդվեց, չնայած ինձ համար չկար էլ ի սկզբանե»,- հայտարարել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: