1989 թ. հունիսի 5-ն էր։ Ամենից փոթորկուն ցույցերից մեկն էր մայրաքաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայում։ ՀՀ Գերագույն խորհրդի նիստը տեղի էր ունենում նախկին ամերիկյան համալսարանի շենքում։ Ծով էր բազմությունը՝ լցված պողոտան ու հարակից Պռոշյան փողոցը։ Բարձրահարկ շենքերի տանիքներին իսկ տեղուդադար չկար։ Շեփորահարն էլ հանդիպակաց հինգ թե վեցհարկանի շենքի տանիքին էր։ Մոսկովյան զորքը դարանակալել էր շենքի ետնամասում, իսկ մենք չգիտեինք և նեղսրտում էինք մեր ոստիկանների արգելքից, որ թույլ չեն տալիս մարդկանց բարձրանալ աստիճաններով դեպի այն շենքը, որտեղ նստաշրջանն էր։ Ցուցարարների հերթական բուռն ձայնարկումներից ու վանկարկումներից մեկի ժամանակ հանկարծ նկատեցինք մահակները ձեռքներին՝ կարմրատակած մռութները թափանցիկ պատնեշած կանաչ շորավորների սրընթաց արշավը երկու շարքով վերից վար՝ դեպի ժողովուրդը։ Շեփորահարն անմիջապես Խաչատրյանի սուսերներով պարը շեփորեց. պայթեց մեկեն ժողովրդի ծիծաղն ու տևական ծափահարությունը, մինչև կհասնեին ներքնասանդուղքին։ Այդ ուռած գլուխները հանկարծակիի եկան մի անգամ նախ՝ այս անակնկալ անօրինակ արձագանքից (իրենց հարուստ փորձառության մեջ այդպիսի բան տեսած չկային), ապա՝ երբ հրամանատարը կարգադրեց շարունակել արշավը, քարացան՝ չհասած վերջնաստիճանին։ Հայ ոստիկանները ղեկավար հրահանգով մեկեն պատյանից դուրս քաշեցին ատրճանակներն ու շրխկշրխկոցով զենքը վճռական պահեցին զորքի վրա... 
Կրկնում եմ, Խորհրդային Հայաստանի ոստիկանները պաշտպանեցին հայ ժողովրդին բիրտ ուժից...
Դե հիմա թող իրենք իրենց համար պարզեն, թե ի՞նչ արյուն է հոսում անկախ Հայաստանի ոստիկանների երակներում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել