Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաեւ հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նշենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԱՀ ԱԺ խմբակցությունները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խոսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններն անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման  խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:

«Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինյանին որեւէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետեւ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպեում իրեն հակասում է»,- նշեց Մոսիյանը:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության  ճանաչում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, խմբակցության ղեկավարը մեկնաբանեց.

«Նա մանիպուլյացիա է անում, իբր թե հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որում Հայաստանը Արցախի մասին վերապահումով է վավերացրել, բայց չգիտես՝ ինչու նա դա չի ասում. ոչ ինքն է ասում, ոչ էլ Ալիեւը, որովհետեւ իրենք Արցախի հարցում համակարծիք են: Իսկ Մադրիդյան սկզբունքներն աշխատանքային փաստաթուղթ է, նա վավերացված չէ: Մադրիդյան սկզբունքներին հղում է անում տարածքային ամբողջականության մասով, որի հետ Արցախը երբեք կապ չի ունեցել: Նա մոռանում է ինքնորոշման մասին խոսել, ինքնորոշման իրավունքը աշխարհն այլ կերպ է հասկանում, Նիկոլ Փաշինայնն ու Ալիեւն՝ այլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել