Բավական ուշագրավ պատկերի ենք ականատես դառնում, երբ սկսում ենք ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանում ներկայումս կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց ցանկը. քաղաքապետարանում կարևորագույն պաշտոններ զբաղեցնողների մեծ մասը ՔՊ-ական Թորոսյան Արսենին մոտ կանգնածներն են:

Ահավասիկ ժամանակին Թորոսյան Արսենի տեղակալ աշխատած Գրիգորյան Շավարշը ներկայացվել է որպես որպես աշխատակազմի ղեկավար, նախկին նախարար Արսենի նույնքան նախկին փոխնախարար Սիմոնյան Գևորգը ներկայումս փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ազդեցիկ ՔՊ-ականի նախկին խորհրդական Ասատրյան Յակովը քաղաքաշինության և վերահսկողության վարչության պետն է քաղաքապետարանում: Թորոսյան Արսենի ժամանակ խորհրդական աշխատած Սարգսյան Աշոտն էլ Երևանի ավագանու անդամ է: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ կնշանակվի ՔՊ-ականի կադրերից ևս մեկը:

Ի դեպ՝ նույն անձի նախկին խորհրդական Բալյան Հովհաննեսը ներկա պահին Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է, իսկ Զոհրաբյան Հովհաննեսը հիմա Սուրբ Աստվածամայր բկ տնօրենն է:

Նկատենք նաև, որ մի շարք պոլիկլինիկաների տնօրեններ նախարարության աշխատակազմից տեղափոխվել են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաների տնօրենների պաշտոններին:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ չնայած Թորոսյան Արսենը հիմա կարծես թե ստվերում է առավելապես գործում՝ բավարարվելով ընդամենը պատգամավորի համեստ աշխատանքով, սակայն իրականում նրա ազդեցությունը չափազանց մեծ է հատկապես Երևանի քաղաքապետարանում. բոլոր նրանք, ովքեր մոտ են եղել կամ են Արսենի հետ, պաշտոնի պրոբլեմ չունեն և կարողանում են գտնել իրենց տեղը ՔՊ-ական արևի տակ:

Խոսուն պատկեր է ստացվում, որի շուրջ արժե մտածել՝ հասկանալու ՔՊ-ի ներքին խոհանոցի առանձնահատկությունները. այդ խոհանոցի շեֆ-խոհարարներից մեկն էլ, փաստորեն, Արսենն է հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել