Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ այս ամիս Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կսկսվեն խոշոր զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին Պենտագոնի խոսնակի տեղակալն էր տեղեկացրել: Սաբրինա Սինգհը հայտնել էր նաև, թե որն է լինելու այդ զորավարժությունների նպատակը: Ըստ նրա՝ զորավարժությունները կոչված են՝ ցույց տալու ամերիկյան բանակի կարողությունը՝ արագորեն տեղակայելու մարտունակ զորքերը և տեխնիկան, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայում խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից:

Բայց ահա հետո պարզ դարձավ, որ Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրությունը վերախմբագրվել է, և Հայաստանը հեռացվել է մասնակից երկրների ցուցակից: Մեկնաբանելով կատարվածը՝ ՊՆ-ից հայտնել են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

Այս ամենի ֆոնին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ Խանդանյան Սաքոյի հայտարարության նմանությամբ մի պարզաբանում էլ ՀՀ ԱԳՆ է ներկայացրել՝ հայտարարելով, որ աշխատանքները շարունակվում են ու ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արտահայտել է Միրզոյան Արոն Լավրովի հետ միասին ունեցած ասուլիսին: Ասել կուզի՝ փաստացի հարցը մատնված է անորոշության և ոչ մի կոնկրետ բան դեռևս չի նշմարվում:

Ստացվում է չափազանց ուշագրավ պատկեր. մի կողմից՝ Հայաստանը փաստացի բոյկոտում է ՀԱՊԿ-ը՝ հրաժարվելով և՛ առաջարկվող օժանդակությունից, և՛ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցությունից, մյուս կողմից՝ ակտիվացնում է Արևմուտքի հովանու ներքո անցկացվող ռազմական միջոցառումներին իր մասնակցությունը՝ դրանով հստակ ազգանշան ուղարկելով ուժային բևեռներին: Ինչ վերաբերում է կոնկրետ «Defender 2023»-ում հայկական կողմի մասնակցության չեղարկմանը, ապա կարելի է ենթադրել, որ անդրկուլիսյան տիրույթում որոշակի պրոցեսներ են ընթացել: Հնարավոր է՝ ճնշում է՝ բանեցվել Երևանի վրա ռուսական կողմից, ինչի հետևանքով էլ ակնհայտորեն ՌԴ դեմ ուղղված կոնկրետ այդ զորավարժություններին մեր մասնակցությունը չեղարկվել է:

Արդյոք ՀՀ իշխանությունները հաշվարկե՞լ են նման քայլերի հետևանքները, գիտե՞ն՝ ինչպես են դիմակայելու ՌԴ հակազդեցությանը, կամ գործնականում ի՞նչ է տալու Արևմուտքի «ջրաղացին ջուր լցնելը» նման խրթին աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ նույն ԵՄ դիտորդները մատը մատին չեն տալիս՝ զսպելու Իլհամի ախորժակը:

ՔՊ-ն թքած ունի Հայաստանի իրական շահերի վրա. սրանք իրենց կուրատորների առաջ ունեն հստակ հանձնառություն՝ Հայաստանն ամեն գնով դուրս բերելու ՌԴ ազդեցության գոտուց ու գցելու թուքերի տակ՝ ընդդեմ ռուսների: Եթե գոնե Արևմուտքը հստակ ցույց տար, որ ընդունակ է կամ ուզում է գետնի վրա երաշխավորել գոնե Նիկոլի 29800 քկմ-ի անվտանգությունը, ապա Նիկոլի նման տրյուկներն ինչ-որ տեղ ընկալելի կլինեին: Բայց դա Արևմուտքը չի անում, իսկ Հայաստանն էլ միմիայն իր վարքագծով հյուծում է հայ-ռուսական դաշինքը, որը ՀՀ ֆիզիկական գոյության միակ երաշխիքն է:

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է Նիկոլը հույս դրել, Էրդողանի խղճի՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել