Pastinfo.am-ը գրում է.
Ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի կողմից այսօր տարածված լուրերը, թե իբր Շուշիի երկու գյուղ անցել է թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և հավելեց. «Պատերազմից հետո Շուշիի շրջանում գրեթե բոլոր գյուղերը գրավված են թշնամու կողմից՝ բացառությամբ մի քանիսի։ Ադրբեջանի կողմից այսօր տարածված տեղեկությունը, թե, իբր, մնացյալ գյուղերից երկուսը նույնպես անցել են թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։
Լավ կլիներ, որ այդօրինակ ստահոդ լուրերն, առհասարակ, տեղ չգտնեին հայկական մամուլում, որովհետև վաղուց հայտնի է, թե ինչ նպատակով է թշնամին նման վարքագիծ դրսևորում՝ ապակողմնորոշելու և վախի մթնոլորտ ստեղծելու Արցախում», - ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ մարտի 25-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում Շուշիի մոտ մի քանի բարձունք, հարակից տարածքները, ինչպես նաև Շուշիի շրջանի «Ալլահգուլուլար» և «Զամանպեյես» գյուղերն արդեն գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։
Նշենք, որ Արցախի հսկողության ներքո էր մնացել Շուշիի շրջանի 4 գյուղ, որոնցից երկուսի վարչական շրջանների ղեկավարների հետ «Փաստինֆո»-ն զրուցել էր և նշված գյուղերի բնակիչները հաստատ իրենց բնակավայրերում էին, վճռական տրամադրված։