Qristosi pahq pahelu masin

 Քրիստոս Իր համար չպահեց, քանի որ անմեղ էր և դրա կարիքը չուներ: Պահեց ցույց տալու համար, որ Հին օրենքն ու մարգարեները և Նոր օրենքն ու Ինքը մեկմեկու հակառակ չեն, այլ համաձայն են միմյանց:
Սակայն Քրիստոսի և մարգարեների պահքի միջև զանազանություն կա: Մովսեսը պահեց Աստծու Խոսքի զորությամբ, Ով խոսեց նրա հետ Սինա լեռան վրա՝ Օրենքը ստանալու համար, Եղիան պահեց հրեշտակի տված կերակրի զորությամբ, որպեսզի գնա առ Աստված՝ դեպի Քորեբ լեռը (տե՜ս Գ Թագ. ԺԹ 7-8), իսկ Քրիստոս պահեց Իր զորությամբ, և այդ պատճառով էլ սատանան չգնաց փորձելու Մովսեսին ու Եղիային և նրանց համար չասաց, թե Աստծու որդիներ են, քանզի ստուգապես գիտեր, որ մարդիկ են, իսկ Քրիստոսի պարագայում տարակուսում էր: Եվ Քրիստոս պահքով ցույց տվեց Իր Աստվածությունը, իսկ քաղցելով՝ մարդկությունը:
Մեղքով ապականված աշխարհն Աստված մաքրեց քառասնօրյա անձրևով ու ջրհեղեղով, և քանի որ մարդն էլ մի աշխարհ է, դրա համար քառասնօրյա պահքով ու արտասուքով պիտի մաքրվի մեղքերից:
Քրիստոս քառասուն շաբաթ բնակվեց Կույսի արգանդում, քառասուն ամիս քարոզեց աշխարհի վրա և քառասուն ժամ մնաց մեռածների հետ: Չնայած որ Նրա Մարմինը երեսուն ժամ մնաց գերեզմանում, իսկ հոգին՝ երեսուներեք ժամ դժոխքում, սակայն մինչև հարության օրվա լուսաբացին երևալը Նա մեռածների հետ էր համարվում, և դրա համար քառասուն ժամ է ասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել