ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդես է եկել կարևոր հայտարարություններով՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման ռուսական կողմի պատրաստակամությունը: Գալուզինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են օժանդակել ՀՀ-ին այն չափով, որ չափով որ Երևանը պատրաստ է ընդունել այդ օգնությունը: «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով»,-մասնավորապես՝ ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան:

Ուշագրավ է, որ Գալուզինի հայտարարություներին գրեթե զուգահեռ հայտարարություններ են հնչել նաև Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդական առաքելության կողմից: Մասնավորապես՝ գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում արձանագրելով, որ պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է գարնանը՝ Մարկուս Ռիտերը միաժամանակ ասել է.«Մենք չենք կարող միջամտել. մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ»:

Պետք է արձանագրել, որ եվրոպացին չափազանց անկեղծ ու օբյեկտիվ է գտնվել. գետնի վրա ԵՄ դիտորդական առաքելությունը չունի ոչ մի ռեալ հնարավորություն՝ կասեցնելու ադրբեջանական զորքի հնարավոր առաջխաղացումը կամ զսպելու Բաքվի ախորժակը, քանի որ այդ անելու համար առնվազը զինական ներկայություն է անհրաժեշտ, որը գոյություն չունի: Զինական ներկայություն ունի Ռուսաստանը, որի գլխավորած ՀԱՊԿ-ը, փաստորեն, Գալուզինի շուրթերով վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ գետնի վրա հայկական կողմին աջակցելու, օգնելու զսպել Բաքվի ախորժակը, տարածաշրջանում մեծ պայթյուն թույլ չտալու:

Ճակատագրական հարց՝ ինչպիսի՞ն կլինի Նիկոլի արձագանքը Լավրովի տեղակալի հայտարարություններին այս անգամ: Եթե ամեն բան թողնվի Նիկոլի խղճին, ապա կասկած չկա, որ հայակործան այս պատուհասը կընտրի այն տաբերակը, որը ձեռնտու է Բաքվին՝ ոչ միայն հերթական անգամ մերժելով ռուսական կողմի առաջարկը,այլև Երևանին ու Մոսկվային ուղղակի թշնամացնելով, որին ուղղված քայլերից է նաև Հռոմի ստստուտի շուրջ ընթացող ներկայիս պրոցեսները: Ի դեպ՝ կա նաև Իրանի խնդիրը, որին ձեռնտու չէ Ադրբեջանի հարձակումը, մինչդեռ այդ հարձակման մասին են երազում հակաիրանական ուժերը՝ պլանավորելով կայծից մեծ հրդեհ առաջացնել:

Մազից ենք կախված…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել