ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 19 տարի անց Հռոմի ստատուտը սահամանդրական ճանաչելը՝ առանց սահամանդրական փոփոխությունների, մեր ներպետական եւ սահմանադրաիրավական տեսակետից լրջագույն մարտահրավեր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

«Սահամանդրական դատարանը 2004 թվականին գտել էր, որ Հռոմի ստատուտը չի համապատասխանում ՀՀ սահմանադրության որոշակի հոդվածների, խոսքը 1995 թվականի Սահմանադրությանն էր վերաբերում, եւ այդ հոդվածները էապես չեն տարբերվել ոչ 2005, եւ ոչ էլ 2015 թվականի փոփոխություններով, 19 տարի անց վերանայել է նախկինում կայացրած իր որոշումը եւ իրեն վերապահում տվել հակասամանադրական ճանաչված ակտը՝ առանց Սահմանադրության փոփոխության դիտարկել որպես սահմանադրական: Սա մեր ներպետական եւ սահմանադրաիրավական տեսակետից լրջագույն մարտահրավեր է ՀՀ սահմանադրության եւ սահմանադրական կարգի շարունակականությանը: Պատմության մեջ ինձ հայտնի չէ Սահմանադրական դատարան, որը որոշում կայացնի, որ կանոնադրությունը հակասահմանադրական է, որոշ ժամանակ անց նույն ակտը՝ առանց Սահմանադրության փոփոխության ճանաչի սահմանադրական»,- նշեց Օրբելյանը:

Արամ Օրբելյանի կարծիքով՝ հաշվի առնելով, թե առկա իրավական գործիքներն ինչպես են կիրառվում Հայաստանում, առանձնապես մեծ ակնկալիք չունի այդ կանոնադրության վավերացումից.

«Ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ագրեսիան համարվում են հանցագործություն եվրոպական բոլոր երկրներում, որոնք իրավունք ունեն նաեւ իրենց տարածքից դուրս կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկել անձանց: Ինձ հայտնի չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան գործընթացներ իրականացրած լինի: Հաշվի առնելով Հայաստանի իրավապահ մարմինների եւ Կառավարության դիրքորոշումը, գտնում եմ, որ դա որեւէ բան չի տալու: Օրինակ՝ Շուռնուխի դեպքերով, երբ զինված ու դիմակավորված մարդիկ, որոնք ենթադրյալ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ են, մուտք են գործել տներ եւ մարդկանց ասել են՝ դուք պետք է դուրս գաք այս տներից, հակառակ դեպքում ձեզ գերի ենք վերցնելու կամ սպանելու ենք: Մենք այդ դեպքի հետ կապված հաղորդում էինք ներկայացրել քննչական մարմիններին, որոնք գործ չէին հարուցում, Դատախազությունը մերժում էր բողոքը, դատարանի որոշումից հետո էլ չեն հարուցում բողոքը. այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը արդյո՞ք ունի դիրքորոշում եւ մոտեցում միջազգային իրավական եւ միջազգային քաղաքական հարցերի վերաբերյալ, թե՞ ոչ: Հիմա ինչ-որ մարդիկ խանդավառությամբ են վերաբերում, որ Հռոմի ստատուտը վավերացվեց, բոլոր խնդիրները լուծվելու են, սակայն այդ մարդկանց մոտ պատկերացում չկա, թե միջազգային իրավունքը ինչպես է գործում: Եթե մենք եղած գործիքները չենք օգտագործում եւ փորձ չի արվում օգտագործել, նոր գործիք ավելացնելը չեմ կարծում, որ օգնելու է Հայաստանին»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ հ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության հարցին՝ Օրբելյանն ասաց, որ Հռոմի ստատուտի վավերացումը իրավունք չի տալիս ձերբակալել Վլադիմիր Պուտինին. «Ավելին, Հայաստանի Հանրապետությունը երբ ինքն է հարցեր տալիս՝ ո՞րն է իմ տարածքը, ո՞րը իմը չէ, երբ եվրոպական դիտորդները գալիս են Հայաստան, եւ մտածում են, որ մենք եւ ռուսները քիչ անց կհարձակվենք Ադրբեջանի վրա: Եվ հիմա ասել, որ ստատուտը վավերացնենք, որ այդ տարածքում եղած հանցագործությունները բացահայտվեն, կարծում եմ՝ մանկամտություն է: Հատկապես այն, որ Ադրբեջանի ռազմական հանցործությունների մեծ մասը մեր կառավարության թեթեւ ընկալման լույսի ներքո Հայաստանի տարածքից դուրս են տեղի ունեցել: Այսինքն՝ Հադրութում, Շուշիում գլխատումը, քանի որ մեր կառավարության ընկալմամբ դա ՀՀ տարածքը չէ, այլ ադրբեջանական տարածք է, ինքնին բացառում է ստատուտի կիրառումն այնտեղ»:

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։

2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել