Դուք ԿԳՄՍ նախարարության կողմից չեք գտնի որևէ նամակ, շրջաբերական, որով որևէ դպրոցի ասվել է՝ դադարեցնեն ռազմահայրենասիրական պարապմունքները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որ միտումնավոր տարածվեց՝ նպատակ ունենալով թիրախավորել և ձևավորել պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։ Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց գնալ, տեսնել՝ ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ, մեր աչքերի առաջ, մեր լռության առաջ։ Դպրոցներում բոլոր պարապմունքները ու խմբակները շարունակում են՝ ինչպես կարգն է»,- ասաց նախարարը։
Անդրեասյանը ասաց՝ շահարկվել է փաստը, որ քննարկվել է ռազմական նշանակության ենթակառուցվածքները չտեղակայել ուսումնական շենքերում՝ ընդգծելով, որ դա առաջին հերթին վտանգ է ներկայացնում ուսումնական հաստատության աշխատակիցների ու երեխաների համար։