Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում:

Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ:

«Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում:

«Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա:

«Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,-ասաց Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել