1in.am-ը գրում է.

Հունիսին ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյանը՝ ստանալով 1.5 միլիոն դոլարի հոնորար: Երեք ամիս անց երգչուհին խոստովանել է, որ նման հակասական հեղինակություն ունեցող քաղաքական գործչի համար ելույթ ունենալը սխալ է եղել, հաղորդում է Fox News-ը:

Հենց հայտնի դարձավ, որ Լոպեսը համերգով ժամանելու է Թուրքմենստան, շատ իրավապաշտպաններ հանդես եկան կտրուկ քննադատությամբ: Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարեցին, որ տիկին Լոպեսը «կարող է ընտրել ինչ բռնապետի առաջ ելույթ ունենալ եկամտի համար, սակայն չպետք է կարծել, որ դա չի ազդի նրա հեղինակության վրա»: 

Բանն այն է, որ երգչուհին անձամբ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անդամ է: Սկանդալային համերգից երեք ամիս անց երգչուհին Cosmopolitan ամսագրին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ սխալ է գործել:

«Գիտեմ, որ շատերն ինձ նմանակում են, իսկ դա նշանակում է, որ ես պետք է պատասխանատվություն կրեմ իմ գործողությունների համար: Սակայն հավաստիացնում եմ, ամեն անգամ, երբ սխալ եմ գործում, պատրաստ եմ այն խոստովանել և փորձել ուղղել: Ես այնպիսի մարդ եմ, ինչպես բոլորը, և երբեմն սխալ որոշումներ եմ կայացնում»,- հայտարարել է երգչուհին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել