ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի` քաղաքական կուսակցությունների մասին վերջերս ընդունված օրենքով: Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի վերաբերյալ համատեղ եզրակացության մեջ նշել են, որ նոր օրենքը «ներդրել է մի շարք նոր խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ երկրում բազմակարծության վրա»։
Ադրբեջանում ընդունված օրենքի խնդրահարույց դրույթներից են՝

Կուսակցության անդամների նվազագույն թվի 1000-ից 5000-ի ավելացում,

արդեն գրանցված քաղաքական կուսակցությունների վերագրանցման անհրաժեշտությունը,

քաղաքական կուսակցությունների ստեղծման և գրանցման տևականև ծանր ընթացակարգեր,

պետական գրանցում չունեցող քաղաքական կուսակցության գործունեության արգելք,

ներկուսակցական կառույցների չափից ավելի կարգավորում,

Արդարադատության նախարարության կողմից կուսակցական գործունեության և քաղաքական կուսակցությունների անդամների ցուցակների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողություն,

իրավական ակտերի լուրջ խախտումների հետ չառնչվող գործողությունների համար քաղաքական կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ նույնիսկ կուսակցությունը լուծարելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել