ԱՄՆ նախագահը պետք է համոզի ոչ թե միայն Կոնգրեսին, այլ նաև սեփական ժողովրդինPanARMENIAN.Net -ը գրում է.

Այսօրվա դրությամբ ԱՄՆ միայն 22 սենատորներ ու 19 կոնգրեսականներ են սատարում Բարաք Օբամայի բանաձևին Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ: ԶԼՄ-ների համաձայն, Սենատում ներխուժմանը դեմ են 12 սենատորներ, հակված են դեմ քվեարկելու 10-ը, չեն կողմնորոշվել՝ 56-ը, իսկ ներխուժմանը կողմ է 22 սենատոր: Ներկայացուցիչների պալատ՝ ներխուժմանը դեմ է 83 կոնգրեսական, հակված է դեմ քվեարկել 91-ը, չեն կողմնորոշվել՝ 103-ը, կողմ են՝ 19-ը:

Չեն ցանկանում պատերազմել Սիրիայի հետ նաև ամերիկացիները: Ինչպես ցույց տվեց The Washington Post և ABC News հարցումը, ամերիկացիների 59 տոկոսը դեմ է հրթիռային հարվածներին Սիրիայի ուղղությամբ, կողմ է 36 տոկոսը: Հարցումը նաև ցույց տվեց, որ Սիրիային հարված հասցնելու կողմնակիցների թիվը աճել է՝ 36-ից հասնելով 46 տոկոսի, եթե Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան մասնակցեն:

Ըստ Pew Research Center-ի հանրային կարծիքի հետազոտման, Սիրիայի դեմ ավիահարվածներին դեմ է հանդես եկել հարցվածների 48 տոկոսը, կոմ՝ 29-ը:

74 տոկոսը գտնում է, որ գործողությունը Սիրիայում հակաամերիկյան տրամադրությունների տարածմանը կնպաստի, այն դեպքում, երբ 61 տոկոսը գտնում է, որ ավիահարվածները կհանգեցնեն ԱՄՆ-ի երկարաժամկետ ներգրավմանը հակամարտության մեջ:

Երկու հարցումներին մասնակցել է մոտ 1000 մարդ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն, մինչ այն, երբ նախագահ Օբաման ու նրա վարչակազմի ներկայացուցիչները նոր հայտարարություններ արեցին ավիահարվածների անհրաժեշտության մասին: Եթե հավելենք Օբամայի համար անմխիթար թվերին խաղաղության Նոբելյան մրցանակակրի ձախողված արտաքին ու ներքին քաղաքականությանը, ապա ստացվում է, որ Օբաման փակուղի է տանում ոչ միայն իրեն, այլ նաև ԱՄՆ-ին: Ճիշտ է, դեռ ԱՄՆ ոչ մի նախագահ, որը պատերազմ է սկսել, չի դիմել Կոնգրեսին հավանության համար: Նախագահ Ռուզվելտը պատերազմ հայտարարեց Ճապոնիային 1941թ. և Գերմանիային 1939թ.: Հարի Թրումենը պատերազմեց Կորեայում, Ռեյգանը՝ Լիբիայում և Գրենադայում, Բուշ ավագը՝ Պանամայում, Քլինթոնը՝ Սուդանում ու Աֆղանստանում, Հաիթիում, ռմբակոծեց Կոսովոն, Բուշ կրտսերը ներխուժեց Իրաք, իսկ Օբաման հասցրեց պատերազմել Լիբիայում:

Ակնհայտ է, որ Օբաման ցանկանում է կիսել քաղաքական պատասխանատվությունը Սիրիա ներխուժման համար Կոնգրեսի հետ: Սակայն, դա ինչ կտա պարզ կլինի 4 օրից: Այս ողջ պատմության մեջ կա մեկ խորհրդանշական պահ՝ հրթիռային ու ավիահարվածը կարող է հասցվել սեպտեմբերի 11-ին, այսպիսով ներկա նախագահը նման յուրօրինակ կերպով «կնշի»ԱՀԿ փլուզման 12-րդ տարելիցը:

Մինչդեռ, համաշխարհային հանրությունը, որի վրա հղում է տալիս ԱՄՆ նախագահը, գնալով ավելի է հակվում հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ անելով որքան հնարավոր է շուտ գումարել «Ժնև-2» խորհրդաժողովը: Սակայն, հենց դա է հարկավոր սիրիացի ապստամբներին, որոնց հակված է հետևելու նախագահ Օբաման չգիտես վախից, թե այլ պատճառներից ելնելով: Գնալով հաճախ են հնչում այն կարծիքները, որ Ասադին ամենևին հարկավոր չէր քիմիական զենք կիրառել, սակայն ամեն ինչ բախվում է Օբամայի «երկաթե տրամաբանությանը», որը, կարծես, արդեն ոչ ոքի չի լսում: Եվ Կոնգրեսի հավանությունն էլ նրան պետք չէ, նա ռմբակոծելու է Սիրիան: Միակ բանը, ինչը կարող է կանգնեցնել ԱՄՆ նախագահին, դա ԱՄՆ դեմ միջուկային հարվածի վախն է, որը միանգամայն հնարավոր է: Գրոհայինները կտիրեն Դամասկոսի մոտ գտնվող բժշկական կենտրոնի ռադիոակտիվ նյութերին և ողջ աշխարհը, ներառյալ Ամերիկան, կհայտնվի միջուկային պատերազմի քաոսում: Ճիշտ է, դա ծայրահեղ սցենարն է, սակայն միանգամայն հնարավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել