Pastinfo.am-ը գրում է.
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Կարեն Հունանյանը, որը ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի եղբայրն է, արդարադատության նախարարություն ներման խնդրագիր է ներկայացրել։
Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություններից հետևանքով սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱՆ և պարզել, որ Կարեն Հունանյանն իսկապես դիմել է ներման հարցերով զբաղվող հանձնաժողովին, որի իրավունքն ուներ։ Միևնույն ժամանակ Բախշյանն անհանգստություն էր հայտնել, որ նա ներման իրավունք ունի։
ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստացի չհերքեցին ներման խնդրագիր ստանալը, պարզապես զերծ մնացին մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7.1 կետի համաձայն. «7.1 Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց»:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը իրավասու չէ ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել որևէ այլ անձանց»,- նշեցին նախարարությունից։