CivilNet.am-ը գրում է.
Դեկտեմբերի 23-ին` այն օրը, երբ ՌԴ միջնորդությամբ Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և որին հրաժարվել էր մասնակցել հայկական կողմը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, հաղորդում է CivilNet-ը։
Այսօր հրավիրված ասուլիսին Փաշինյանը վստահեցրել է, որ պաշտոնական Երևանը ոչ թե բոյկոտել է նշված եռակողմ հանդիպումը, այլ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։
«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
CivilNet-ը, տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանը նախանշված եռակողմ հանդիպման օրը՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանում հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, կից ներկայացրել է ապացուցող փաստեր.
Կոտայքի մարզի Քասախ գյուղում Միրզոյանի ձեռք բերած նոր առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա է բանկի, վաճառողի և գնորդի միջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։
Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է՝ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման օրը։