Հարց՝
Մի փոքր անհարմար եմ զգում ձեզ գրել այսպիսի մի հարցով, սակայն նպատակահարմար գտա հենց այսպես ստանալ ինձ հուզող հարցի պատասխանը:
Ես ամուսնացած եմ` 1 տարի 3 ամիս: Ունեմ չափազանց հոգատար ամուսին: Բայց մենք ունենք այսպիսի մի խնդիր: Սեռական հարաբերության ժամանակ հաճախ եմ ունենում կպչուն մտքեր, որոնք խանգարում են գործընթացին: Եվ այնպես է ստացվում, որ ես չեմ կարողանում ավարտել, երբ առնանդամն իմ մեջ է լինում: Փոխարենը արտաքին հպումով ենք փորձում հասնել վերջնագծին:
Դա ի՞նչ պատճառներ կարող է ունենալ: Եվ արդյո՞ք սա անբուժելի է:
Շնորհակալ եմ:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Այս խնդիրը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձեզ մոտ առկա է օրգազմի ծլիկային տարբերակը, ինչը հնարավորություն չի տալիս հեշտոցային օրգազմ ունենալ սեռական հարաբերության ժամանակ՝ առանց ծլիկի հավելյալ ստիմուլյացիայի: Որոշակի ժամանակ հետո հնարավոր է անցում խառը օրգազմի տարբերակին, այնուհետև՝ հեշտոցային տիպին: Սակայն հնարավոր է նաև անհրաժեշտություն առաջանա մասնագիտական խորհրդատվության: Այն բուժել հնարավոր է և պահանջում է համբերատարություն և ժամանակ: