Azatutyun.am-ը գրում է.
Արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իշխանություններին փոխանցված պայմանին, թե «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։
«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն»,- ասել է նա և հավելել. «եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը՝ նշելով. «Մեր միջազգային գործընկերների հետ էլ պայմանավորվածությունը հենց այդպիսին է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է վերջնականացնել, եթե ԼՂ հիմնախնդրի շուրջ առաջընթաց լինի, երաշխիքներ լինեն անվտանգության և իրավունքների ապահովման մասով և Հայաստանը վստահ լինի, որ ԼՂ-ում էթնիկ զտում տեղի չի ունենա, նոր ճգնաժամեր չեն ստեղծվի»: