Ինչի՞ց է ոգևորվել Բայրամովը
Բայրամովի գերատեսչությունն է արձագանքել մարտի 5-ին տեղի ունեցած տեռորի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ կրկին ապակառուցողականություն դրսևորելով: Մասնավորապես՝ պնդելով, թե հայկական կողմը խաբում է, երբ պնդում է, որ Ստեփանակերտ տանող ճանապարհը ռազմական նպատակներով չի օգտագոծվում, քանի որ ադրբեջանական ԶՈւ-ի տեսախցիկները ֆիքսել են հակառակը՝ այդ երկրի ԱԳՆ-ն հերթական անգամ ոտքերը մաքրել է Հաագայի միջազգային դատարանի կայացրած վճռի վրա՝ դրան տրվող հայկական կողմի մեկնաբանությունը համարելով՝ խեղաթյուրման փորձ: Ավելին՝ այս ամենի համատեքստում պաշտոնական Բաքուն նշել է, որ խիստ անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի սկզբնամասում։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը բոլորովին պատահական չէ. այն հնչում է արևմտյան դիվանագետների կողմից հնչեցված ոչ հայանպաստ հայտարարությունների ֆոնին: Օրինակ՝ Բաքվում գտնվող Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Լաչինով արվող փոխադրումների թափանցիկության ապահովման ադրբեջանական գաղափարը միանգամայն օրինական է, քանի որ չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով։ Իր այդ հայտարարությամբ Կլաարը միացել է Ալիևին՝ արդարացնելով Լաչինի միջանցքի փակումը, Հայաստանը հռչակելով՝ ռեգիոնալ անկայունության աղբյուր: Բացի սրանից՝ կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոյի հարցազրույցը, որում ամերիկացին բացահայտ աջակցություն էր հայտնել Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության» մասին Ադրբեջանի ունեցած պատկերացումներին՝ակնարկելով դժվար որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին:
Մնում է հասկանալ, թե այս իրավիճակում ինչ է անելու Ռուսաստանը. դժվար թե Բաքվում Լավրովի հնչեցրած առաջարկը լինի Արմուտքի սրտով, քանի որ եթե խնդիրն ընդամենը ռենտգեն սարքերի տեղադրումն է, որոնց շահագործումը վստահվելու է Մոսկվային, ապա անհասկանալի է, թե ինչէ դրանից շահում Արևմուտքը, թե՞ Ադրբեջանին սատարելով՝ Արևմուտքը Լավրովի առաջարկը խափանելու նպատակ ունի՝ վիճարկելով Լաչինի միջանցքի ու դրանում տեղադրվելիք անցակետի «սեփականության իրավունքը»:



