1in.am-ը գրում է.

Սիրիական հակամարտության ճակատագիրը մեծապես կախված է ԱՄՆ հետագա գործողություններից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

«Արտաքին ուժերը վերջապես բացահայտորեն, անթաքույց խառնվեցին այս խնդրին»,- ասաց նա՝ հավելելով, որ ի դեմս սիրիական խնդրի՝ աշխարհն ականատես է երկարատև հակամարտության:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանն իր հերթին նկատեց, որ տարածաշրջանային և միջազգային ուժերը հետաքրքրված են սիրիական հակամարտության երկարաձգմամբ, դրա համար էլ կատարվում են պոպուլիստական գործողություններ ու հայտարարություններ, որոնք հնարավորինս կերկարացնեն հակամարտության ընթացքը: 

«Եթե Սիրիայում միայն օդային հարվածներ լինեն, հակամարտության ընթացքը կկրճատվի, մինչդեռ ցամաքային հարձակման դեպքում մարտերը առավել երկար կտևեն: Եվ սիրիական ընդդիմությունը, և իշխանությունը զիջելու տեղ չունեն: Միաժամանակ համոզված եմ, որ համաձայնությունը պետք է կայացվի մեծ զիջումների գնով»,- ասաց նա:

Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն էլ նկատեց, որ Սիրիայի վրա հնարավոր հարձակումն էլ ավելի կսրի հակամարտության առկա վիճակը: «Կասկածում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը քվեարկի կետային հարվածների օգտին: Մանավանդ, որ հարվածներից հետո վիճակը խիստ անկանխատեսելի կդառնա: Սիրիական բազմաէթնիկ հասարակությունը տասնամյակներ շարունակ հանգիստ էր ապրում, մինչդեռ այս պայմաններում՝ այսքան արյուն թափվելուց հետո, ժողովրդավարության մասին խոսել հնարավոր չէ»,- ասաց նա:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած Սիրիայում առկա իրավիճակին՝ սիրիահայ համայնքի մի ստվար զանգված նախընտրում է մնալ իր տանը՝ հարազատների մոտ:

Քննարկմանը ներկա իրանագետ Սևակ Սարուխանյանն էլ հատկանշական համարեց, որ Սիրիայի վրա ԱՄՆ հարձակումը զգալիորեն կբարդացնի Իրան-ԱՄՆ՝ առանց այն էլ բարդ հարաբերությունները: «Ակնհայտ է, որ աշնանը սիրիական հակամարտությունը չի ավարտվի»,- ամփոփեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել