ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված հայտարարության ի հետևանս հնչող տարաբնույթ ու տարատեսակ մեկնաբանությունների շարքը համալրվել է ևս մեկով, որը կարելի է ասել Միացյալ Նահանգների կողմից անուղղակի առաջին արձագանքն է խնդրո առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, իր Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշը այս հարցի հետ կապված զրույց է ունեցել ԱՄՆ Պետդեպի մի պաշտոնյայի հետ, ով, չցանկանալով պարզել իր անձը, ասել է հետևյալը. «Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: ... Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ: ... Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը: ... Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են: ... Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային»: Այլ խոսքով` Միացյալ Նահանգները բառացի կերպով շրջանցում է ԵՄ-ին միակողմանի կերպով և ողջունում Հայաստանի ընդունած որոշումը, թերևս իր հետագա առաջարկները հանդես բերելու նկատառումով և համարելով, որ Հայաստանում դեռ ամեն բան կորսված, այսինքն` ռուսաֆիկացված չէ: Եվրոպական շոկի ֆոնին ԱՄՆ-ն առավել գործնական է մտածում և փորձում իր օգուտները քաղել ցանկացած իրավիճակում արագ հարմարվողականությամբ: Թե երբ կարձագանքի պաշտոնական Վաշինգտոնը նախագահ Սարգսյանի հայտարությանը կամ կարձագանքի կամ ոչ դժվար է ասել: Սակայն ԱՄՆ կեցվածքը, ամենայն հավանականությամբ, ավելի մեղմ կլինի, գոնե տեղի հայկական համայնքի գործոնն հաշվի առնելիս, ու չի բացառվում, որ ԱՄՆ-ը չմասնակցի Հայաստանի արևմտականացման եվրոպական խաղին ու հանի այդ խաղի այս փուլում եվրոպական կողմի դրած «բլոկը» միակողմանի կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել