1in.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում օրերս արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունից տուժածների ընդհանուր թիվը եղել է 120. 80-ն Օշական գյուղի բնակիչներ, 40-ը՝ Ոսկեվազ:

Հիվանդության ի հայտ գալուն պես երկու գյուղերում էլ մինչ օրս կատարվում է ջրի փորձաքննություն, սակայն դրանում ոչ մի ինֆեկցիա չի հայտնաբերվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանն ասաց, որ գյուղում չկան այնպիսի խողովակներ, որոնք վթարված լինեն կամ դրանց միջոցով վարակ անցնելու հնարավորություն լինի: Իսկ Ոսեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի համար մինչև հիմա մութ է, թե ինչից է տարածվել վարակը. «Չգիտեմ ինչու, բայց մինչ այժմ պատճառները չեն հայտնաբերվում: Ինչքան որ ստուգել են, ջուրը նորմալ է եղել, այժմ նորից ստուգում են, սակայն ինձ թվում է՝ վարակն այլ բանից էր»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Ոսկեվազում գործող «Հայասի» գործարանի կեղտաջրերը խառնված լինեն խմելու ջրին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք մի քանի անգամ եղել ենք գործարանում, ամեն ինչ մաքուր էր, այդ տարբերակն այնքան էլ ճիշտ չէ շրջանառության մեջ դնելը, գործարանում ամեն ինչ նորմալ էր»:

Երկու գյուղապետերն էլ ասացին, որ այժմ հիվանդանոցում հիվանդներ չկան, դուրս գրվածները ստանում են դեղորայքային բուժում, իսկ գյուղերի ամբուլատորիաների աշխատակիցները հաճախակի այցելում են նրանց:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել