«Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարները չեն կարողացել միասնական կարծիքի գալ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք շաբաթ օրը Հնդկաստանում հանդիպումը կավարտեն առանց համատեղ կոմյունիկեի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները G7 երկրների խմբում համառորեն պահանջում են, որ կոմյունիկեում ուղղակիորեն դատապարտեն Ռուսաստանին իրենց հարեւանի տարածք ներխուժելու համար, ինչին դեմ են արտահայտվել Ռուսաստանի եւ Չինաստանի պատվիրակությունները»,-հայտնել են աղբյուրները:

Ընդունող կողմը՝ Հնդկաստանը, նաեւ պնդում է, որ հանդիպման մասնակիցները խուսափեն «պատերազմ» բառի օգտագործումից ցանկացած կոմյունիկեում, Reuters-ին հայտնել են G20-ի պաշտոնական ներկայացուցիչները։ Հնդկաստանը, որը ներկայումս նախագահում է G20-ը, հիմնականում չեզոք դիրքորոշում ունի պատերազմի վերաբերյալ՝ հրաժարվելով մեղադրել Ռուսաստանին ներխուժման մեջ, ձգտելով դիվանագիտական լուծում գտնել եւ կտրուկ ավելացնել ռուսական նավթի գնումները:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լը Մերն ասել է, որ խումբը ոչ մի կերպ չի կարող հեռանալ անցյալ տարվա նոյեմբերին Բալի կղզում G20-ի գագաթաժողովում համաձայնեցված համատեղ հայտարարությունից, որում ասվում է, որ «անդամների մեծամասնությունը վճռականորեն դատապարտել է պատերազմը Ուկրաինայում», բայց նաեւ խոստովանում է, որ որոշ երկրներ տարբեր կերպ են նայում հակամարտությանը:

«Կամ մենք միասնական ենք կամ մենք չենք ստորագրում վերջնական կոմյունիկեն»,-ուրբաթ օրը լրագրողներին ասել է Լը Մերը:

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդներն ասել է, որ G20-ը չպետք է հետ կանգնի Ռուսաստանի հասցեին իր նախկին քննադատությունից:

«Մեզ բացարձակ պարզություն է պետք, սա պատերազմ է, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է նա։

G20-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ կոմյունիկեի շուրջ բանակցությունները դժվար են եղել, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են արեւմտյան երկրների առաջարկները: «Հնդկաստանը ցանկանում է հավատարիմ մնալ Բալիում ընդունված ձեւակերպումներին»,-ասել է աղբյուրը:  

«Կոնսենսուսի բացակայության դեպքում Հնդկաստանը կարող է հանդես գալ հայտարարությամբ»,-ասել է աղբյուրներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել