Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին` Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում:
Կարծում եմ եվրոպացիները (ենթադրում եմ` Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը) ամոթանք են տվել ու մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին` ասելով, որ ամոթ է չմասնայցելը մի քննարկմանը, որի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի: Նիկոլն էլ գցել բռնել է, որ չմասնակցելն ավելի մեծ խայտառակություն է քան մասնակցելը ու բնականաբար խնդրել են համաժողովի նախագահությանը, որպեսզի իր անունն էլ ավելացնեն:
Երեկվա ֆեյսբուքյան գրառումս չեղյալ կանեմ ու նույնիսկ ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը.
1. Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում և «խաղաղության պայմանագրում» պետք է հստակ ձևակերպում լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր հեռանկարի մասին: Սա Հարավային Կովկասի երկարատև և կայուն խաղաղության համար առանցքային հարց է:
2. Մինչ խաղաղության մասին խոսելը Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և վերադարձնի բոլոր գերևարված անձանց:
3. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր էկոավանտյուրան, անհապաղ վերացնի Արցախի շրջափակումը, հստակ երաշխիքներ տա Լաչինի միջանցքի անխափան երթևեկության համար և վերականգնի էներգամատակարարման բոլոր միջոցները: Արցախի հայաթափման և ճնշումների քաղաքականությունը չի կարող հանգեցնել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը:
4. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով և հակառակը: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը որպես տարածաշրջանի անվտանգային բաղադրիչ` շարունակելու է լինել հայ ժողովրդի առաջնահերթություններից մեկը:
5. Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկրներ են: Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն առանց նրանց ակտիվ դերակատարման` չի կարող երաշխավորված լինել:
Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ, Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր` ելնելով առկա պայթյունավտանգ իրավիճակից:
Նիկո´լ, հիշիր նաև, որ 2020թ. փետրվարի 15-ին, նույն Մյունխենի անվտանգության համաժողովում քո ունեցած խայտառակ քննարկումից հետո, հրապարակեցիր «մյունխենյան 6 սկզբունքներ» հիմարությունը: Իմացի´ր, մենք չե´նք մոռացել, որ այդ հիմար գրառումով ևս մեկ հարված էիր հասցրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին` 44 օրյա պատերազմը դարձնելով առավել հավանական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid02rxmq2ZNpfVfMXVtUQumzxcDcjsi4j8vWssmcyRQFjD2QVdhGpoph6QPeVStkZW56l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել