1in.am-ը գրում է.

Վինսենթ Վան Գոգի երկու նկարները, որոնք կոչվում են «Ննջասենյակ Առլում» (Slaapkamer te Arles), միասին ցուցադրվում են Ամստերդամում՝ նկարչի թանգարանում: Այս մասին ասվում է թանգարանի պաշտոնական կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն: Կտավները դարձել են Վան Գոգի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության նոր ցուցանմուշները:

Նկարի առաջին տարբերակը պահվում է Ամստերդամի թանգարանի հավաքածուում: Այն նկարվել է 1888 թվականին: Վան Գոգն այն նկարել է մեկ շաբաթում և շատ գոհ է եղել արդյունքից: Եղբորն ուղղված նամակում նա գրել է, որ ինտերիերի պարագաները միտումնավոր է հարթ արել ու հրաժարվել է ստվերների արտացոլումից՝ շեշտը դնելով գույների վրա, որոնք կոչված էին հանգստություն պարգևել:

Երկրորդ նկարը, որն արվել է մոտ մեկ տարի անց, պահվել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում: Նկարի ստեղծման ժամանակ Վան Գոգը գտնվել է Սեն-Ռեմիի հոգեբուժական կինիկայում: Նա խնդրել է եղբորը՝ Տեոյին, իրեն ուղարկել նկարի առաջին տարբերակը, քանի որ ցանկացել է այն արտանկարել: Վան Գոգը ցանկացել է ստեղծել նկարի երկրորդ տարբերակը գործնական նկատառումներով. առաջինը վնասվել էր նրա արհեստանոց թափված ջրից:

Այդ երկու կտավներից բացի, հոբելյանական ցուցահանդեսին կներկայացվեն մասնավոր հավաքածուներին պատկանող, նախկինում չցուցադրված նկարներ: 

Ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2014-ի հունվարի 12-ը, կներառի 200 նկար, այդ թվում՝ նամակներ և նկարչի անձնական իրեր: Ցուցահանդեսը բացվել է 2013-ի մայիսին և շարունակ համալրվում է մասնավոր հավաքածուներից ստացվող ցուցանմուշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել