Գռզոն՝ վերելակում
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Գռզոն, մատնացույց անելով ժամանակին Սպիտակում գոյություն ունեցած վերելակների գործարանը, ակնարկել է, որ դեմ չէր լինի, եթե մի նմանատիպ գործարան էլ ինքը բացեր Հայաստանում. դրսից բերելու ու միայն տեղափոխման համար միլիոնավոր դոլարներ վճարելու փոխարեն, ըստ Գռզոյի, լավ կլիներ, եթե վերելակներն այստեղ արտադրվեին՝ նկատի ունենալով ներկայիս պահանջարկը: «Արդյունաբերությունը ստեղծվում է ֆինանսներով, ստեղծվում է ուղեղներով, ստեղծվում է խելացի մարդկանցով, ձգտող մարդկանցով, հետևողական մարդկանցով, որը 24 ժամ պետք է հետևի, որ մրցունակ արտադրանք տա»:
Գռզոն հատկապես վերջերս հաճախ է խոսում գործարար հնարավորությունների մասին՝ իր ելույթներում ներկայացնելով Հայաստանի «զարգացման» սեփական հեռանկարը: Այդ «լուսավոր» հեռանկարում Հայաստանի տնտեսության միահեծան տերն է Գռզոն՝ շնորհիվ ունեցած փողի, կապերի ու իդեաների Հայաստանը զարգացման նոր մակարդակի բարձրացնող: Տպավորություն է՝ ասես Գռզոն հայտնվել է յուրատեսակ սոցիալական վերելակում, որը, սակայն, իր համար ցանկալի արագությունից պակաս արագությամբ է տեղաշարժվում:
Այն, որ Հայաստանին ոչ միայն վերելակ, այլև շատ ավելի ուրիշ բաներ էլ են անհրաժեշտ, փաստ է: Փաստ է նաև այն,որ վերջին 5 տարվա ընթացքում պրակտիկորեն ոչինչ չի արվել՝ երկիրը գոնե որևիցե ոլորտում ինքնաբավ դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ Գռզոն ճշտե՞լ է՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Նիկոլը չի թողնո՞ւմ, թե՞ ուղղակի երկրի վիճակն այնքան աննախանձելի է, որ ոչ ոք չի ուզում գործ բռնել Հայաստանի հետ, իսկ գուցե խնդիրը քաղաքակա՞ն է՝ պայմանավորված ասենք նույն Գռզոյի կամ որոշ նորելուկ ջահել օլիգարխների սահմանած ներքին խաղի կանոններով, երբ ցանկացած լավ գաղափար կա՛մ գողացվում է, կա՛մ խեղդվում բնում, որ ընտրյալների համար չստեղծվի մրցակցություն:
Գռզոն արդյունաբերության զարգացման համար մի քանի նախապայման է առաջ քաշում՝ խելք, փող, ձգտում և այլն: Ենթադրվում է, որ այդպիսով ինքն իրեն է գովազդում՝ Նիկոլի ականջին կաթացնելով, որ ինքն ունի այդ ամենը և միայն կանաչ լույսի է սպասում, որ խոսքը գործի վերածի, Հայաստանին արդյունաբերություն պարգևի: Հարց՝ ինչո՞ւ է Գռզոն դեռ զբաղվում ինքնագովազդով, երբ թվում է՝ նրա առաջ պետք է որ բաց լինեին բոլոր դռները: Ամենայն հավանականությամբ՝ պատճառը Նիկոլի խառնվածքն է, նրա ծայրահեղ կասկածամտությունը: Նիկոլը վախենում է Գռզոյից ու, ըստ երույթին, գոնե առայժմ թույլ չի տալիս նրան շատ տլպալ, որ ոչ թե ինքը, այլ Գռզոն նայի իր ձեռքին՝ կառավարելիության աստիճանը չկորցնելու համար:
Գռզոյի դարդը խորն է…



