Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ զրուցեցինք BLOGNEWS.AM կայքի մշտական և հավատարիմ փորձագետ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ:
1. Սեռապես առողջ լինելու կարևորագույն պայմաններից մեկը ճիշտ սեռական դաստիարակությունն է: Ե՞րբ, ո՞ր տարիքից և ո՞վ պետք է երեխաների հետ խոսի սեռական դաստիարակությունից:
Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար, այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Սովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երևույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, և նա անընդհատ կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը: Այսպիսով՝ երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջև եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից:
2. Շատերը սեռական դաստիարակությունը թյուրիմացաբար շփոթում սեքսի վերաբերյալ զրույցների հետ: Ի՞նչ կասեք:
Թյուր կարծիք է: Սեռակրթությունը սեքսի վերաբերյալ զրույց չէ: Սեռական դաստիարակության խնդիրն է` նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի և մանկածնության գործառույթի լիարժեք ձևավորմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաև մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ և սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին: Այն սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից:
3. Որպես սեքսոպաթոլոգ` ինչպես եք գնահատում սեռական դաստիրակության և կրթության որակը մեզանում, հատկապես դպրոցական համակարգում. ի՞նչ է արվում և ի՞նչ չի արվում:
Դպրոցներում, որքան նկատել եմ, շատ հպանցիկ են քննարկվում են սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման: Ինչպես գիտեմ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ և խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցուչներին: Հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից և տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի և վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում և սպեցիֆիկ մեթոդաբանություն:
Կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող և թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է:
4. Դիմելիության տեսակետից ներկայումս ինչպիսի՞ պատկեր է: Տարբերություն կա՞, թե՞ ոչ:
Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Լինում են նաև դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:
5. Խոսենք սեռավարակներից:
Այսօր մի շարք երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ-ում, արձանագրվում է ՍՃՓՎ-ների տարածման աճ: Հայաստանն էլ բացառություն չէ այդ հարցում: Ժամանակակից գրականության տվյալները և կլինիկական փորձը հաստատում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում ՍՃՓՎ-ներով ախտահարվելու վտանգին: Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել և քո, եւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու վարակում իրենց կանանց: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:
6. Օրվա կապակցությամբ Ձեր մաղթանքը:
«Անկողնային» անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: ԲՈԼՈՐԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՍԵՌԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԵՎ ՊԱՅԾԱՌ ԵՂԱՆԱԿ: Եղե՛ք իրազեկված և առողջ:



