Թուրքիան վերջին շրջանում դարձել էր ՌԴ քաղաքացիների` անշարժ գույք գնելու համար մեկ շուկան: Երեկվա իրադարձությունները և այն, ինչ դեռ տեղի է ունենալու հետագայում այդ վիճակագրության վրա էական ազդեցություն են թողնելու: Բնական է, որ այս համատեքստում Հայաստանի անշարժ գույքի շուկան նորից թռիչքաձև աճ է գրանցելու: Նենց որ պատրաստվեք:
Իսկ Թուրքիան վերջին շրջանում բազմաթիվ կարևոր իրադարձությունների կիզակետում էր հայտնվել: Ընդ որում, դա տեղի էր ունենում այդ երկրի իշխանության ուղղակի ջանքերի արդյունքում: Նրանց թվում էր, որ կիզակետում լինելն է, որ Թուրքիան վերջապես կհանի տարածաշրջանային տերության հարթակից ու կբարձրացնի Գերտերությունների բեմ:
Օգտվելով ռուս-ուկրաինական բախումից` Անկարան որոշել էր, երկու կողմերի մեջ պարիտետ պահելով, արևմուտքի հետ աշխարհաքաղաքական շանտաժով զբաղվել՝ դառնալ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, գազային հաբ, մահմեդական աշխարհի առաջնորդ և այլն...
Այս համատեքստում նրանք չմիացան` Ռուաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին, դրա փոխարեն դառնալով ՌԴ-ի գլխավոր կապող օղակը փակված շուկաների հետ: Նույն համատեքստում տարատեսակ շինծու պատրվակներով Անկարան խոչընդոտում էր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը սկանդինավների հաշվին: Իմիջայլոց Թուրքիան ինքն էր պատժամիջոցների տակ ընկել, երբ տարիներ առաջ գնել էր ռուսական ՀՕՊ համակարգերը և այդ պատճառով զրկվել սեփական օդուժը ամերիկական կործանիչներով թարմացնելու հնարավորությունից:
Քանի որ Անկարայի այս ամբիցիաները սկսեցին դուրս գալ արևմուտքի շահերի ծիրից, գարնանը սպասվող նախագահական և պառլամենտական ընտրությունների դերը էականորեն աճեցին և դրա հետ արագացան այլ պրոցեսներ, որոնք անշեղորեն ազդելու են այդ ընտրությունների արդյունքների վրա:
ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտը սառեցնելուց հետո արևմտյան դեսպանատները մեկը մյուսի հետևից սկսեցին փակել իրենց հյուպատոսությունները: Սրան ի պատասխան Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրապարակավ մատ թափ տվեց ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի վրա` նրանից պահանջելով «կեղտոտ ձեռքերը հեռու պահել» Թուրքիայից ու դադարեցնել հասարակությանը գրգռել:
Հաջորդ օրը մի հոլանդացի աստղագուշակ կանխատեսում հրապարակեց, ըստ որի Թուրքիայիում Սիրիայի սահմանին 7,5 բալանոց երկրաշարժ պիտի տեղի ունենա: Դրա հաջորդ օրը Կիպրոսի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունենում, իսկ դրա հաջորդ առավոտը Թուրքիան սկսում է ճոճվել բառացիորեն: Ընդ որում, երկրաշարժերն ունենում են բազմաթիվ էպիկենտրոններ, որոնց հետևում են տարօրինակ պայթյուններն ու հրդեհները առանցքային ենթակառուցվածքների տարածքներում: Վնասվում են նավթամիուղեր ու գազամուղերը, դադարում են աշխատանքները նավահանգիստներն ու օդանավակայանները:
Իլոն Մասկն անմիջապես առաջարկում է Թուրքիայի իշխանություններին բացել Ստրալինքը երկրի տարածքում, որը Անկարան միանգամից մերժում է: Բնական է` անվերահսկելի ինտերնետը վերջին բանն է, որ հիմա պետք է Էրդողանին: Ժամանակը ցույց կտա` ինչպես կզարգանա իրավիճակը, ամեն դեպքում ընտրություններին 3 ամիս է մնացել, նենց որ հանգուցալուծումն իրեն երկար սպասել չի տա: Բոլոր նրանք, ովքեր ուզում են մոտավորապես պատկերացնեն զարգացման սցենարը, կարող են ընթերցել նմանատիպ իրավիճակի մասին մի պատմութունը` զետեղված Հին Կտակարանի էջերում:
Մովսեսը հայտնի է որպես մարգարե, ով իր գերեվարված և ստրկացված հայրենակիցներին ազատեց Եգիպտոսի ստրկությունից: Շատ ավելի քչերը գիտեն, որ այդ «ազատված» հրեաներից գրեթե ոչ մեկ չհասավ ավետյաց հող, նրանց մեծ մասին Աստված կոտորեց տարատեսակն մեղքեր գործելու ու հիմնականում Եգիպտոս վերադառնալ ցանկանալու համար: Էլ ավելի քիչ մարդ գիտի, որ Մովսեսը ստրուկ չէր, ավելին` նա փաստացի Փարավոնի եղբայրն էր: Առասպելը պնդում է, որ խորթ եղբայրներ էին Մոսվսեսն ու Փարավոնը, այնուամենայնիվ եղբայրներ էին և Մովսեսը թագավորական ընտանիքի անդամ էր համարվում:
Նույն առասպելը պնդում է, որ երբ Մովսեսը նորածին էր, Փարավոնը հրամայել էր սպանել բոլոր մանուկ հրեաներին, քանի որ նրանց քանակը այնքան էր շատացել, որ դա աշխարհաքաղաքական սպառնալիք կարող էր լինել Եգիպտոսի համար: Հետաքրքիր է, որ Եգիպտոսում ապրող բազմաթիվ այլ ազգեր սպառնալիք չէին ինքնիշխան Եգիպտոսի համար, իսկ եբրայերեն խոսացողները համարվեցին սպառնալիք: Էլ ավելի հետաքրքիր է այն, որ Մովսեսին որդեգրած Փարավոնի դուստրը, Նեղոսի ափերին գտնված այդ նորածինին, ըստ Հին Կտակարանի, տալիս է եբրայերեն անուն: Անուն, որը բառացիորեն նշանակում է «ջրից եկած»: Թե խի՞ պիտի Փարավոնի դուստրը եբրայերեն իմանար, եթե ինքը հրեա չէր, մեզ Հին Կտակարանը չի բացատրում: Դրա փոխարեն որոշ պատմաբաններ պնդում են, որ Մովսեսը ընդամենը Փարավոնի դստեր ապօրինի զավակն էր, ով Մովսես անունն էր ստացել, քանի որ իր հայրն անհայտ էր, ի տարբերություն, օրինակ` Ռա-մոզեսի, ում հայրը արևի Ռա աստվածն էր, կամ Թութհ-մզեսի, ում հայրը լուսնի աստված Թութհն էր:
Մովսեսը մեծանում է Փարավոնի ընտանիքում ու մի պայծառ օր որոշում է, որ հրեա ստրուկներն իր հայրենակիցներն են, ու որ ստրուկներին ծեծող ստրկատերին պետք է սպանել: Սպանությունից հետո Մոսվսեսը փախուստի է դիմում ու հանգրվանում է Եգիպտոսի աշխարհաքաղաքական մրցակիցների մոտ, որտեղ անձամբ շփվում է Աստծո հետ, որը տվյալ դեպքում մարմնավորում էր այրվող թուփը: «Թուփը» Մովսեսին ասում է, որ նա պետք է վերադառնա Եգիպտոս ու պահանջի ստրուկների ազատումը: Այս սոցիալիստական օրակարգը հրապուրում է Մովսեսին, սակայն Մովսեսը Աստծուն բողոքում է իր թոթովախոս լինելուց: Աստվածն էլ Մոսվսեսին Ահարոն անունով խոսնակ է նվիրում: Ահարոնը համատեղությամբ նաև Մովսեսի ավագ եղբայրն էր: Ո՞նց կարա, Նեղոսի ափին գտնված որբը, երկրից դուրս ավագ եղբայր ունենա, ոչ մեկ չգիտի, քանի որ էդ դրվագը Հին Կտակարանը չի բացատրում:
Ինչևէ... Անապահով խավին սոցիալական բազում բարեփոխումների խոստումներով զինած Մովսեսն ու յուր եղբայր-քաղտեխնոլոգ Ահարոնը գալիս, Փարավոնին ասում են, որ եթե նա ստրուկներին չազատի, ասել է թե` վլաստը չհանձնի, ապա Եգիպտոսին և յուր աստվածներին (հիշյալ Ռաին, Թութհին և այլոց) փորձանքներ են սպասում: Կարճ ասած` Մովսեսը Ահարոնի խրոխտ ղեկավարման ներքո գոչում է, որ կամ նա է լինելու Եգիպտոսի Փարավոնը, կամ Եգիպտոսը Փարավոն չի ունենա: Փարավոնն այս հրապուրիչ առաջարկը մերժում է, որից հետո Եգիպտոսում տեղի են ունենում տաս աղետներ: Նեղոսի ջուրն է թունավորվում ու լճանում, որի արդյունքում գորտերը կտրուկ շատանում են, հետո վնասատուները, հետո անասուններն են մահանում, վերջում էլ նորածինները: Մովսեսն էլ վերցնում է իր ստրուկներին ու ազատագրում նրանց` հեռանալով բռնատիրական Եգիպտոսից:
Թե խի՞ Մովսեսը իսկզբանե իր ժողովրդին չի հավաքում ու չի հեռանում առանց հիշյալ աղետները մեյդան բերելու, անհայտ է: Փարավոնը սենց թե նենց հրաժարվում է շանտաժի ենթարկվել: Թեպետ պետք է ասել, որ Եգիպտոսը «ստրուկների» փախուստից հետո այլևս երբեք չի լինում նույնը և աստիճանաբար սուզվում է խավարի մեջ, մինչդեռ Մովեսը փաստացի հիմնադրում է երեք աբրահամյան կրոնները, որոնք գրավում են աշխարհը: Տպավորություն է ստեղծվում, որ «ստրուկները» էդքան էլ ստրուկ չէին, այլ հասարակության հենասյունը:
Ըստ իս այս առակը կցուցանե, որ ով ուզում ես եղիր, ինչ աստվածի տղա ուզում ես քեզ հռչակի, բայց իրականության հետ կապը երբեք չկորցնես, որովհետև անիմանալի են Աստծո ճանապարհները:
Հ.Գ. մի առիթով ձեզ պատմել եմ, թե ոնց ա Աստվածը կոտորում Եգիպտոսից փախած «ստրուկներին», որոնք հանդգնում են նորից երկրպագել հին հայրենիքում թողնված ճոխ կյանքը և փողն առհասարակ, ու պաշտամունքի համար «Ոսկե հորթ» են սարքում: Թե ո՞նց կարար ստրուկը ճոխ կյանք ունենար, և խի պիտի այդ կյանքից հրաժարվեր, կամ հրաժարվելուց հետո տասնամյակներ շարունակ անապատում դեգերելուց ուրդու՞ց ստրուկին էդքան ոսկի, որ հալցնեն, Հորթ սարքեն... ոչ մեկ չգիտի: Այ, եթե ստրուկ բառը փոխարինես «ապստամբած էլիտայով», ամեն ինչ տեղն ա ընկնում: Ապստամբած էլիտան, մանավանդ Փարավոնի եղբոր գլխավորությամբ ու դրսի/վեհ ուժերի օգնությամբ, ինչ ասես կարա անի՝ ջրերն էլ թույնի, անասուններին էլ վարակի, մասսայական սպանդ էլ հրահրի... Բայց դե մենք ո՞վ ենք, որ Հին Կտակարան խմբագրենք: Ասում ա ստրուկ, ուրեմն ստրուկ: Վերջացավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02x5i8nKYd9Tbeyb6eA2vMwQdHvw9M8zCdTpt4dtjteeBcxbuvdpWJfNHsCEqLk7V9l&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել