ԿՀՎ տնօրեն Բիլ Բեռնսը ժամանել է Թել Ավիվ։ Սպասվում է, որ նա կհանդիպի իսրայելցի եւ պաղեստինցի առաջնորդների եւ երկու կողմերի իր գործընկերների հետ, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրը։

Բեռնսի այցը նախապես պլանավորված էր, սակայն այն տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ արեւմտյան ափին եւ Գազայում լարվածության ամենանշանակալից սրման ֆոնին: Բեռնսի այցը եւ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կազդեն տեղական իրադարձությունների վրա: 

Տարածաշրջանում լարվածությունն ուժգնացել է հինգշաբթի այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները սպանել են ինը պաղեստինցիների, այդ թվում՝ տարեց կնոջ, Արեւմտյան ափին գտնվող Ջենին փախստականների ճամբարում արշավանքի ժամանակ։ Առնվազն 20 պաղեստինցի է վիրավորվել, այդ թվում՝ անզեն քաղաքացիական անձինք։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ նրանք արշավանքից առաջ  հետախուզական տվյալներ են ստացել «Իսլամական ջիհադի» մի խումբ գրոհայինների մասին, որոնց կասկածում են իսրայելցի զինվորների վրա զինված հարձակումներ կատարելու մեջ: Իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն՝ խումբը նոր հարձակումներ էր պլանավորում։ Արշավանքից անմիջապես հետո Պաղեստինը դադարեցրել է Իսրայելի հետ անվտանգության համակարգումը, ինչը մտավախություն է առաջացրել, որ արեւմտյան ափին իրավիճակը կարող է էլ ավելի սրվել:

Ուրբաթ գիշերը «Իսլամական ջիհադը» Գազայում մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Նրանց մեծ մասը գաղտնալսվել է իսրայելական Iron Dome պաշտպանական  համակարգի կողմից։ Ի պատասխան՝ իսրայելական ՌՕՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։

Պաղեստինի վարչակազմը վերջին անգամ դադարեցրել է իր համակարգումն Իսրայելի հետ անվտանգության ոլորտում 2020 թվականի մայիսին՝ Իսրայելի կառավարության՝ Արեւմտյան ափի մեծ հատվածները բռնակցելու ծրագրից հետո։

ԿՀՎ-ն սերտ հարաբերություններ ունի Պաղեստինյան հետախուզական ծառայության հետ եւ շարունակում է մնալ ԱՄՆ-ի եւ Պաղեստինի վարչակազմի միջեւ կապի միակ ալիքը, երբ վերջինս խզել է հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ:

ԿՀՎ-ն նաեւ առանցքային դեր է խաղում Իսրայելի եւ Պաղեստինի վարչակազմի միջեւ անվտանգության եւ հետախուզության համակարգմանն աջակցելու գործում:

Բեռնսի այցը Մերձավոր Արեւելք ավելի լայն ուղեւորության մի մասն է: Երկուշաբթի նա այցելել է Եգիպտոս, հանդիպել նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի հետ եւ քննարկել տարածաշրջանային հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը եւ հետախուզական համագործակցությունը:

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել Բեռնի այցը Իսրայել եւ Արեւմտյան ափ:

Ակնկալվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարածաշրջան կայցելի այս հանգստյան օրերին: Պետդեպարտամենտի տվյալներով՝ նա երկուշաբթի եւ երեքշաբթի կայցելի Իսրայել եւ Արեւմտյան ափ:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը խորապես մտահոգված է Արեւմտյան ափին բռնության դեպքերով եւ բոլոր կողմերին դեէսկալացիայի կոչ է անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել