Այսօր Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ տիկին նախագահ,

Մենք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կանայք, այս կոչն ուղղում ենք աշխարհին և անձամբ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Մենք մատնված ենք սովի և ցրտի ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակման մեջ ենք: Ադրբեջանը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Դա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։

Տիկին ֆոն դեր Լեյեն, անցած ամառ Դուք պայմանագիր եք ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին։ Եվրոպայում ապրող երեխաները չեն ցրտահարվի, իսկ մեր երեխաները չեն կարող հաճախել մանկապարտեզ և դպրոց՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Մեր բժիշկները զրկվել են վիրահատություններ կատարելու և կյանքեր փրկելու հնարավորությունից: Մեր 120 հազարանոց բնակչությունը հայտնվել է Ալիևի գերության մեջ:

Ադրբեջանն իր ցանկությամբ դադարեցնում է Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ալիևը կտրում է մեր գազատար խողովակներն ու էլեկտրալարերը:

Լաչինի միջանցքը՝ աշխարհի հետ մեր միակ կապը, դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի կողմից: Մեր երեխաները մնացել են առանց.

սննդի

էլեկտրականության

ջեռուցման

դեղերի և բուժման հասանելիության

կրթություն ստալալու հնարավորության

ապագայի և կյանքի իրավունքի

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մենք անհապաղ օգնության և մեր ձայնը լսելի դարձնելու կարիք ունենք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաները լուռ սպանվեն:

Մենք դիմում ենք Ձեզ որպես աշխարհի ամենահզոր կին, նաև որպես յոթ երեխաների սիրող և թանկագին ընտանիքի համար հոգ տանող մայր: Մեր սրտի խորքից հորդորում ենք Ձեզ կանգնել Արցախի կանանց ու երեխաների կողքին և անել այն ամենը, ինչ Ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի իր կողմից կազմակերպված դաժան շրջափակումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել