Իլհամի ղուշը

Կառավարության հերթական նիստում երկար-բարակ ներկայացնելով Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի աղետալի հետևանքները, բացահայտելով Ադրբեջանի իրական նպատակները՝ Նիկոլը, կրկին իր ոճին հավատարիմ, ասել է, որ ոչինչ իրենց չի շեղելու խաղաղության օրակարգից: «Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, սակայն պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունն ու խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպիտի լինի շեղել այս օրակարգից»,-մասնավորապես՝ բարբաջել է Նիկոլը:

Նիկոլի հորդորները հանցավոր են, ազգադավ ու վախկոտ: Նիկոլը ասում է հետևյալը՝ եթե նույնիսկ Ալիևը մեզ ու մեր երկիրը շարունակի ստորացնել, հայհոյել ու փոքրացնել, իսկ արցախահայերին ամեն օր սպանել, արտաքսել կամ բռնաբարել՝ Երևանը որպես «Արևմտյան Ադրբեջանի» «Էրիվան» մայրաքաղաք ներկայացնելով, միևնույնն է՝ մենք պետք է հանդուրժենք, իսկ մարիակարապետյաններն ու ասենք գուրգենարսենյանները պետք է մանրակրկտորեն շարունակեն բացատրել ադրբեջանցիների հետ համակեցության կանոնները:

Գուցե ոմանք Նիկոլի խոսքերում կարող են դիվանագիտություն նշմարել՝ իբր չտրվելու Բաքվի սադրանքներին, պատերազմի մեջ չմտնելու և այլն, սակայն այդ տեսակետը չունի ոչ մի հիմք՝ առնվազը նկատի ունենալով այն իրական ներքին օրակարգը, որ ՔՊ-ն առաջ է տանում Հայաստանում գաղտնի մեթոդներով՝ փորձելով թուրքից կերտել հայի համար բարեկամի կերպար, իսկ հային ներկայացնել՝ տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հիմնական գեներատոր: Այսպիսով՝ հայաստանյան հանրությունն ամեն օր դառնում է թուրք-ադրբեջանական քարոզչության թիրախ սեփական կառավարության ձեռամբ, որի բուն նպատակն Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրումն է, արցախահայերին Իլհամի հպատակ դարձնելը:

Եթե Ադրեջանը Նիկոլի այդ երազանքը քայլ առ քայլ կյանքի է կոչում,ուրեմն է՛լ ո՞րն է Բաքվին դեմ գնալու իմաստը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել