1in.am-ը գրում է.

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունն իրականացրել է հաշմանդամությանն առնչվող ՀՀ օրենսդրության վերլուծություն: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ տարիներ շարունակ խոսվում է շենք-շինությունների մատչելիության մասին, այս առումով կա դրական տեղաշարժ, սակայն այն չափազանց դանդաղ է ընթանում: «Կարծես թե օրենսդրական կարգ կա, քաղաքական կամք, սակայն ինչու սայլը տեղից չի շարժվում: Մենք ակտիվորեն աշխատում ենք քաղաքապետարանի հետ, անգամ իրենց քարտեզ ենք տրամադրել՝ որ հատվածներում է պետք հարմարեցումներ անել, ինչ չափանիշներով, քանի որ երբեմն ստիպված են լինում կառուցածը քանդել, վերակառուցել»,- ասաց նա՝ նկատելով, որ կա նաև քաղաքաշինության նախարարի հրաման, որով պարտադիր նորմեր են սահմանվում: Այդ նորմերը, սակայն, վերանորոգումների ժամանակ գրեթե անտեսվում են: Ըստ Ալավերդյանի՝ պատճառն այն է, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այդ նորմերը խախտելու համար որևէ պատասխանատվություն չկա: 

Բանախոսի փոխանցմամբ՝ առողջապահության ոլորտում կա պետպատվեր, կարծես թե բոլոր բուժումներն ու դեղորայքը պիտի լինի անվճար, սակայն դրանից կարելի է օգտվել միայն այն դեպքում, երբ արդյունքը բացարձակ չի հետաքրքրում, իսկ եթե անձն ուզում է ստանալ առողջության բարելավում, ոչ թե վատացում, ստիպված է վճարել առաջին իսկ պահից: Մոտ ապագայում որոշակի թվով աշխատակիցներ ունեցող կազմակերպություններին օրենքով պարտադրվելու է հաշմանդամ աշխատակիցների ներառումը, սակայն այստեղ, ըստ Ալավերդյանի, առաջանում է մի խնդիր. աշխատանքի չընդունելու կամ աշխատանքից ազատելու համար գործատուների կողմից իբրև պատճառաբանություն բերվում է ոչ թե հաշմանդամությունը, այլ ուրիշ հիմնավորումներ: 

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Ունիսոն» ՀԿ-ի իրավաբանական բաժնի ղեկավար Գայանե Խաչատրյանը բարձրաձայնեց մեկ այլ խնդրի մասին. Հայաստանում դիալեզի կարիք ունեցող անձանց թիվը մեծ է: Համաձայն «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի՝ այդ նպատակով ստեղծվել է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, որտեղ գրանցվում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման դեպքերը, օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցեպիենտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկատվություն այն անձանց մասին, ովքեր կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ որպես դոնոր: 

Ըստ նրա՝ թերի է նշված ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման ՀՀ կառավարության կարգը այն առումով, որ անհրաժեշտ է սահմանել կարգ, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքներ ունեցող հիվանդանոցներում, դիահերձարաններում ստեղծվի համակարգ. եթե մարդու մոտ արձանագրվել է ուղեղային մահ, կամ դժբախտ պատահարի հետևանքով անձը մահացել է, ապա բոլոր կազմակերպություններն իրավունք ունենան դիմել հարազատին՝ մահացողի օրգանները վերցնելու համար: Այս կերպ հնարավոր կլինի փրկել շատերի կյանքը, ովքեր մահանում են դոնոր չլինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել