Azatutyun.am-ը գրում է.

Բանակի գլխին կանգնած է մի մարդ, ով փորձում է հնարավոր ամենառադիկալ ձևով փոխել հնացած համակարգը, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ անցած շաբաթ զինվորական կացարանում ողբերգական հրդեհից հետո, որ15 զինվորի կյանք խլեց, պաշտպանության նախարարը հրաժարական չի տալիս։

Ալեքսանյանի կարծիքով՝ Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում արդեն տեսանելի է այն ուղղությունը, որ գնալու են ռեֆորմները։

Պատգամավորի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պաշտպանության նախարարն ինչո՞ւ հրաժարական չի տալիս։

Ալեքսանյան․ - Միշտ գնացել ենք էս կադրային նշանակումների շրջափուլով, անընդհատ էս թափանիվը պտտվել է, պտտվել է, մի բարձրաստիճան զինվորականին փոխարինել է մյուսը, էն մեկին մյուսը։

«Ազատություն»․ - Որ անպայման բանակի՞ց լինի։

Ալեքսանյան․ - Որ անպայման բանակից լինի։ Էդ սկզբունքը չենք խախտել, ու ինքներս համոզվել ենք, որ դա իրականում շատ սխալ է ու փաստացի չի բերում էն արդյունքը, չի բերում էն կտրուկ ռեֆորմները, որոնք որ մենք ցանկանում ենք, որ լինի, իսկ էս ընթացքում, ինչ արդեն պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, ես կարծում եմ, որ առնվազն տեսանելի է այն ուղղությունը, այն ուրվագիծը, որ գնալու են էդ ռեֆորմները։ Բայց էս միջադեպն էլ ու մի շարք այլ միջադեպեր էլ, որպես էդպիսին, գալիս են հենց նրանից, որ մարդիկ իրենց պարտականությունները կա՛մ չեն կարդում, կա՛մ կարդում են ու չեն կատարում, փաստացի։ Տարիներ առաջ, օրինակ, ընդունել է օրենք, որ ժամը 20։00-ից հետո ոչ մի վառարան զորանոցում չպիտի վառվի։ Փաստ ա չէ՞, որ էդ համակարգը, որպես այդպիսին, իր բնույթով, հնացած է։ Մեր բանակը հնացած համակարգի մեջ է։

«Ազատություն»․ - Կապ չունի, գլխին նա է կանգնած համակարգի, և այսպիսի աղետ, պարոն Ալեքսանյան, իրավապաշտպանները չեն հիշում։ Ես նկատի ունեմ՝ ոչ մարտական պայմաններում, որ այսչափ մեծ թվով զոհերով ողբերգություն լինի, և արդյո՞ք էս համակարգի գլխին կանգնած մարդը չպիտի ասի՝ «կներեք, ես գնում եմ»։

Ալեքսանյան․ - Ես միանշանակ կպնդեի այդ տեսակետը, եթե փաստացի մենք, որպես գլխին կանգնած մարդ, չունենայինք մի մարդու, ով հենց էդ համակարգը փորձում է հնարավոր ամենառադիկալ ձևով փոխի։

«Ազատություն»․ - Եվ գետնի վրա հակառակն է տեղի ունեցել։

Ալեքսանյան․ - Եվ գետնի վրա հակառակը տեղի ունեցածն, իմ պատկերացմամբ, նախարարը չլինի, գլխավոր շտաբի պետը լինի, լավ, հրամանը կա ախր գլխավոր շտաբի պետի, որ ոչ մի պարագայում ավտոբենզին մի տարեք կացարաններ, հիմա խոսում են էն մասին, թե ինչու՞ էր էդտեղ վառարան վառվում։ Էդ գյուղն ինքն իրենով գազաֆիկացված չէ, մեր բոլոր դիրքերում գրեթե ձմեռային պայմաններում վառվում է հենց փայտով վառարան, Հայաստանի գյուղերի մեծ մասում է վառվում փայտով վառարան։

«Ազատություն»․ - Այդ դեպքում ինչո՞ւ գնաց կորպուսի հրամանատարը, Ձեր ասածի տրամաբանությամբ նա էլ չուներ պատասխանատվություն:

Ալեքսանյան․ - Կա մի շարք անմիջական պատասխանատվություն և այլն, թե ստուգումների հետ կապված աշխատանք, թե ընդհանուր անձնակազմի իրենց պարտականություններին տիրապետելու հետ կապված մեծ աշխատանք կա տանելու, որովհետև, այո, այդ կապիտանին ինչ-որ մեկը պետք է հարցնի՝ դու քո՝ որպես զինվորական պարտականություններդ խնդրում եմ ասա:

«Ազատություն»․ - Քրեական գործը կպարզի՞, թե ով էր բերել բենզինը, ինչո՞ւ, կամ դա էր արդյոք պատճառը: Կարող էր հազար բան լինել, ընդհուպ դիվերսիոն խմբից մինչև էլեկտրական կարճ միացում և այլն: Փաստն այն է, որ բոլոր դեպքերում էլ այդ շենքը չի համապատասխանել չափանիշներին, և հրդեհն այդպիսի հետևանքներ էր առաջացնելու:

Ալեքսանյան․ - Այո, շենքը չի համապատասխանում:

«Ազատություն»․ - Դրա պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է, որն ընդունել է այդ շենքը որպես կեցավայր:

Ալեքսանյան․ - Բայց եկեք մյուս կողմից գանք հարցին. երբ խոսում ենք օրինակ՝ այս մոդուլայինների մասին, մոդուլային զորանոցների, որոնք շատ մեծ քանակ պատվիրվել են Իտալիայից, այնտեղից մի մասն արդեն հասել է, մյուս մասն էլ շուտով կլինի, բավականին թանկարժեք և այլն: Սրանց հետ կապված էլ կա քննադատություն, որ գիտեք ինչ, սա էլ օրինակ՝ ինչ-որ մի հրետակոծության կարող է այնպես չդիմանա, ինչպես կդիմանար հենց էդ նույն շինությունը, որի պատերից ամեն մեկը 60-70 սմ է: Այստեղ ինչ-որ միանշանակ պնդում, թե բացազատված զորքը որպես այդպիսին ինչ տարածքում պիտի լինի, շատ հարաբերական հարց է:

Ես հիմա ասում եմ՝ միանշանակ է, որ այո, լավագույն պայմանները պիտի ապահովվեն զինվորների համար, ու քաղաքական կամքը՝ կառավարության մակարդակով ու Ազգային ժողովի մեծամասնության մակարդակով դա է, բայց այստեղ հարցի երկրորդ ու երրորդ կողմերն են որպես այդպիսին:

«Ազատություն»․ - Ընդհանրապես այս դեպքից հետո հօդս չցնդեցին արդյոք դիրքերը կահավորելու հավաստիացումները:

Ալեքսանյան․ - Միանշանակ չի ցնդում, որովհետև դիրքերի վրա շատ մեծ ռեսուրս է ներդրված, ու մի շարք դիրքերում կառուցվում են ամրաշինական կառույցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել