ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե կողմերից յուրաքանչյուրը տարբեր թեմաների մասին է խոսել` առանց միմյանց լսելու:
ԱՄՆ պետդեպի հաղորդագրության համաձայն` պետքարտուղար Բլինքենը կոչ է արել կոմերցիալ փոխադրումների համար անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Նա ընդգծել է նաև, որ հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է խաղաղության հեռանկարը` կոչ անելով ավելացնել ջանքերն այդ ուղղությամբ: Վերջում որպես դեսերտ` Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին: Ամեն ինչ հստակ և կոնկրետ:
Բաքվի տարածած պաշտոնական երկար-բարակ հաղորդագրությունից երևում է, որ զրույցն Ալիևի սրտով չի եղել: Արցախի բլոկադայի հետևանքով հայության բարձրացրած միջազգային աղմուկը ստիպել է Ալիևին բազմաթիվ կեղծ արդարացումներ հորինել իր ցեղասպանական քաղաքականության համար: Զրուցի մասին հաղորդագրության ալիևյան մանրամասնություններն այնքան անկարևոր են եղել ամերիկյան կողմի համար, որ այն անգամ ընդհանուր ձևակերպումներով տեղ չի գտել ԱՄՆ պետդեպի տեքստում:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը, այլ երկրներ ու կառույցներ, ավելի քան մեկ ամիս կոչ են անում Բաքվին`ապաշրջափակել Արցախը և դադարեցնել հումանիտար աղետը: Սակայն Ալիևը կարծես դեռ «տարերքի» մեջ է ու կտրվել է իրականությունից: Երևի կարծում է, թե բոլորը Նիկոլ են և կարող է քմահաճ վերաբերվել բոլորի կոչերին:
Իսկ իրականում, եթե չլիներ Նիկոլի և Ալիևի` 2022թ հոկտեմբերի 6-ի Պրահայում արված համատեղ հայտարարությունը, Բաքուն ոչ մի հիմք չէր ունենա փակելու Լաչինի միջանցքը: Ռուս խաղաղապահները կբացեին այն փակելու առաջին իսկ օրը: Պրահայում Նիկոլն Ալիևի ձեռքին մի մեծ գործիք է դրել, դրանով իսկ կաշկանդելով ՌԴ խաղաղապահ առաքելության գործողությունները: Եվ ցավալին այն է, որ Նիկոլը դա արել է միտումնավոր:
Ալիևը եթե միջանցքը փակելու հիմքեր ունենար, այն հաստատ կփակեր մինչև Պրահայի համատեղ հայտարարությունը: Պրահայից ու Սոչիից հետո նա Նիկոլից մեծ նվեր է ստացել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/pfbid02vTfxMbCrhv5BJUMN5ENH9qc58NuoGd2copGoWkWmL2JTSaLXBFN6g8RBntdEHyzPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել