Azatutyun.am-ը գրում է.
Եվրոպական միության 27 անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում:
«Այն պետք է նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտնել է Եվրամիության բարձրաստիճան անանուն դիվանագետը:
Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին և միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:
Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, պնդելով, թե, իբր, բողոքի ակցիայի նպատակն է «կանխել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանքերի ապօրինի շահագործումը և դրանից բխող բնապահպանական վտանգները»:
Հունվարի 20-ին լրացել է Լաչինի ճանապարհի արգելափակման 40-րդ օրը: Այս ընթացքում Արցախում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և կենսական նշանակության այլ պարագաների սուր պակաս: